Միացյալ Թագավորություն-Հայաստան խորհրդարանական խմբի պատգամավորները նամակ են հղել այդ երկրի Արտաքին գործերի նախարարին` ներկայացնելով ադրբեջանական կողմի սադրանքները և շեշտադրելով, որ ռազական գործողությունները տեղի են ունեցել Հայաստանի Հարապետության սուվերեն տարածքում: Պատգամավորները նամակում մտահոգիչ են համարում ինչպես Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու մասին հայտարարությունը, այնպես էլ Հայաստանի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելը: Այլ մանրամասներ Միացյալ Թագավորություն-Հայաստան խորհրդարանական խմբի ղեկավարի հետ զրույցում ճշտել է Դավիթ Մուրադյանը:
- Պարոն Լոթըն, շնորհակալություն Ձեր ժամանակի և հրավերն ընդունելու համար:
- Սիրով
- Պարոն Լոթըն, ինչո՞ւ որոշեցիք նամակ ուղարկել արտգործնախարարին:
- Բրիտանիայի խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ մտահոգ էին հայ-ադրբեջանական սահմանի վերջին զինված բռնկմամբ: Հատկապես մտահոգիչ էր Ադրբեջանից հնչող ագրեսիվ տոնայնությունը, ինչպես նաև Լոնդունում Հայաստանի դեսպանատան առջև ադրբեջանցիների ցույցերը, որոնք բացահայտ ուղղորդված էին իրենց պետության կողմից: Խիստ մտահոգիչ էին նաև Ադրբեջանի ՊՆ ռազմատենչ հայտարարությունները: Այդ ամենը հաշվի առնելով` հայ-բրիտանական բարեկամության խորհրդարանական խմբի անունից, որի նախագահը ես եմ, նամակ գրեցինք արտգործնախարարին և հայտնեցինք ադրբեջանցիների սանձազերծ ագրեսիայի վերաբերյալ մեր մտահոգությունները:
- Ի՞նչ պատասխան եք ստացել արտգործնախարարից:
- Ես արդեն երկու անգամ խոսել եմ փոխարտգործնախարար Ուենդի Մորթոնի հետ: Նա Կովկասի տարածաշրջանի հարցերով պատասխանատուն է: Նա ինձ տեղեկացրեց՝ այդ կապակցությամբ Բրիտանիայի կառավարությունը և արտգործնախարարությունն ինչ են հայտարարել, ինչ է ասել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, որի հետ նույնպես ես զրուցել եմ: Ես ստացա արտգործնախարարության պատասխանը: Հաշվի առնելով այն բոլոր փաստերը, որոնք մենք վերջին ագրեսիայի վերաբերյալ ներկայացրել էինք նամակում՝ պատասխանում նշվում է, որ նախարարությունը ողջունում է անցած շաբաթների ընթացքում հաստատված անդորրը: Նամակը նաև ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում դեպի բանակցությունների սեղան՝ կողմերի վերադարձի անհրաժեշտությունը՝ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով, որպեսզի հետագայում չլինեն նման սրացումներ: Ամեն ինչ կարող է շատ ավելի վատանալ, եթե Ադրբեջանը շարունակի դիմել ռազմական գործողությունների՝ պնդելով, թե հենց Հայաստանն է ագրեսիայի դիմել: Մի բան հստակ է՝ բոլորը պետք է վերադառնան սեղանի շուրջ և մի կողմ դնեն զենքը:
- Ի՞նչ արձագանք ունեցան հայ-ադրբեջանական սահմանի վերջին իրադարձությունները Բրիտանիայի խորհրդարանում:
- Հայաստանի, Ադրբեջանի և աշխարհի այդ տարածաշրջանի մասին Մեծ Բրիտանիայում քիչ տեղեկություններ են հայտնի: Սակայն Կովկասն, անկասկած, աշխարհի ամենակարևոր շրջաններից մեկն է: Հատկապես այսօր, հաշվի առնելով նաև Թուրքիայի և Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները: Այդ բոլոր իրադարձություններին զուգահեռ` Ձեր երկիրը նույնպես հայտնվեց ուշադրության կենտրոնում: Հայաստանը մշտապես կապող օղակ է եղել Ռուսաստանի, Արևմուտքի և Արևելքի միջև: Այդ ամենն, իհարկե, շատ կարևոր է, և մենք այստեղ՝ Միացյալ Թագավորությունում, պետք է ավելին իմանանք: Հենց այդ պատճառով էլ ես ստանձնեցի հայ-բրիտանական բարեկամության խմբի նախագահությունը: Այդ խմբում ընդգրկված են պատգամավորներ և լորդեր՝ բոլոր կուսակցություններից: Մեր նպատակն է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ և ավելի լավ հասկանալ տարածաշրջանի խնդիրները: Այստեղ կա նաև շատ ավելի փոքր ադրբեջանա-բրիտանական բարեկամության խումբ, որը հայտարարությամբ ամբողջ մեղքը փորձեց բարդել Հայաստանի վրա: Մենք ներկայացրինք փաստեր և արտգործնախարարին հղեցինք նամակ՝ այն դարձնելով հրապարակային: Ես գիտեմ, որ նամակը նաև լայն տարածում ստացավ և հանրայնացվեց Հայաստանի խորհրդարանականների, Լոնդունում Հայաստանի դեսպանության և հասարակության շրջանում:
- Ի՞նչ ներուժ եք տեսնում հայ-բրիտանական հարաբերություններում:
- Ինչպես քիչ առաջ ասացի, պետք է այստեղ ավելի շատ ներկայացվի Հայաստանն ու ձեր տարածաշրջանը: Ես ցանկանում եմ զարգացնել Միացյալ Թագավորության և Հայաստանի խորհրդարանականների միջև հարաբերությունները: Մենք ընդհանուր շատ բաներ ունենք: Ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունենա Արևմուտքի, Միացյալ Թագավորության և Եվրամիության հետ՝ չնայած մենք արդեն միության անդամ չենք: Հաշվի առնելով այն բոլոր վայրիվերումները, որոնք կատարվում են նախկին ԽՍՀՄ տարածքում և Թուրքիայում՝ կարևոր է, որպեսզի մենք Հայաստանի հետ ուժեղ կապեր ունենանք: Երբ իրավիճակն ավելի ապահով դառնա, հույս ունեմ գալ Հայաստան և անձամբ ստեղծել այդ կապերը: Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև բազմաթիվ ընդհանրություններ կան: Մենք միևնույն կրոնին ենք դավանում, կիսում ենք ժողովրդավարության վերաբերյալ պատկերացումներն ու սերը: Կարևոր է, որպեսզի Հայաստանը զգա մեր աջակցությունը և որ մենք կիսում ենք Ձեր հետաքրքրությունները: Ես իսկապես անհամբեր սպասում եմ իմ այցելությանը Հայաստան՝ այդ կարևոր հարաբերություններն ուժեղացնելու նպատակով:
- Պարոն Լոթըն, շնորհակալություն Ձեր ժամանակի և հրավերն ընդունելու համար:
- Ես եմ շնորհակալ: