Կորոնավիրուսի դատարկած հյուրանոց, ռեստորան, տուր-օպերատորների աջակցության հերթն էլ եկավ: Զբոսաշրջության ոլորտում՝ եկամուտներն անցած տարվա համեմատ կրկնակի կրճատած են: Վիրուսի թողած հետևանքները մեղմելուն կուղղվի գործադիրի հաստատած հակաճգնաժամային 23-րդ ծրագիրը: Այն նախատեսում է ընթացիկ հուլիսից մինչև 2021-ի մարտ՝ ամեն ամիս որոշակի գումար վճարել առնվազն 3 աշխատողով տուրիստական ընկերություններին:
Վարչապետը հայտարարեց. մերժել է «քիչ վնաս կրած ընկերություններին քիչ, շատին՝ շատ վճարելու» առաջարկը, քանի որ այդպես կհիասթափեցնեին կրեատիվ գաղափարներով այցելուների գրավող և բիզնեսը կործանումից փրկող գործարարներին: Ֆինանսավորումը հավասար կլինի նաև մարզերի ու Երևանի համար, չնայած՝ գյուղական ուղղություններում եռուզեռ է: Վերջնական նպատակը՝ աշխատատեղ պահելն է,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Բյուջեից թող աջակցություն չստանան այն հյուրանոց-ռեստորանները, որտեղ չեն պահում պարետատան սահմանած կանոններն ու նպաստում են կորոնայի տարածմանը՝ առաջարկն էլ Տիգրան Ավինյանը մերժեց. ստուգումները ցույց են տալիս՝ բիզնեսը կարգապահ է դարձել:
Ֆինանսների նախարարն ասաց՝ ՀԴՄ խախտում ունեցողները ծրագրին թող ի սկզբանե չդիմեն: Փոխվարչապետ Գրիգորյանն առաջարկեց՝ աջակցությունը սանկցիայի չվերածել: Գուցե ռոմանտիկ հնչի, բայց եկեք բիզնեսին պետության-բյուջեի գործընկերը դառնալու հնարավորություն տանք՝ թեման փակեց վարչապետը: Բայց և հիշեցրեց՝ գործարարներն ինչպե՞ս էին մոտ երկու տարի առաջ արձագանքում հարկերը չթաքցնելու իր հորդորին:
Ճգնաժամի դժվար այս փուլն անցնի՝ պետք է ամենադաժան ձևով բարձրացնենք բիզնեսի կարգապահությունը,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը դժգոհելով, թե մեր գործարարները փոխանակ տեխնոլոգիաներում ներդրում անեն՝ նախընտրում են թանկարժեք մեքենաներով շրջել: Շինհրապարակներն էլ աղբանոց են հիշեցնում... Բողոք-քննարկումը հասավ «ինչո՞ւ եք գույքահարկը բարձրացնում» քննադատությանը. որովհետև կոպեկներ էին՝ հնչեց պատասխանը:
Վերադառնալով օրակարգին՝ կառավարական կաբինետը հաստատեց հակաճգնաժամային ևս մեկ ծրագիր՝ 24-րդը: Այս մեկն էլ տնտեսական փրկօղակ կդառնա գյուղացու` այս տարվա առատ խաղողը մթերողների համար: Գինու-կոնյակի վաճառքները կորոնայի պատճառով 30 տոկոս կրճատված են. ֆինանսական խնդիրների բախված վերամշակողներին պետությունը կօգնի բանկերից վարկ վերցնել:
Միայն 23-րդ միջոցառման վրա բյուջեից կծախսվի լրացուցիչ 6 մլրդ դրամ,- գրված է փաթեթում: Հակաճգնաժամային 22 ծրագրով մինչև հիմա երկրում ինչքա՞ն գումար է բաշխվել՝ ամփոփեց վարչապետը:
Օրվա սոցիալական նախագծերով՝ մանկատան 163 սանի օգտագործման տված բնակարանը դարձրին նրանց սեփականությունը: Վարչապետը նկատեց՝ «յողոտ վերնագիր է», կարող է քաղաքական դիվիդենտ դառնալ, բայց իրենց նպատակը երիտասարդին կրթելն է, որ ինքն իր աշխատանքով կարողանա տուն գնել: Զինվորների համար լուծվեց փորձնական՝ դիրքերում լոգանքի դաշտային 2 բաղնիք ձեռքբերելու հարցը: