«Վաճառքում սիգ ունեն»՝ հայտնի ժեստով Սևանի ափերին... Եկող շաբաթվանից այլևս թաքուն չեն ակնարկի: 16 տարվա ընդմիջումից հետո՝ լճից դարձյալ կարելի է բացահայտ ձուկ բռնել: Բայց միայն նրանց, ովքեր թույլտվություն են ստացել:
Վարդան Մելիքյան, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ - Ստացել ենք ընդհանուր մոտ 150 դիմում, որից, ըստ էության, 107-ն են բավարաված, նրանք են կատարել բնօգտագործման վճարները, որը պահանջ է պայմանագրերը կնքելու համար:
Պայմանագրերը հինգշաբթի-ուրբաթ կստորագրեն, որ ամենաուշն ամսի 18-ին՝ օրինական նավակները ծով իջնեն: Փոխնախարար Մելիքյանը թվարկում է սահմանված «խաղի կանոնները». որսը պետք է իրականացվի միայն ցերեկը, մեծ Սևանում, ափից ամենաքիչը 500 մետր խորքում:
Վերահսկողությունը դրված է Ազգային պարկի վրա: Այստեղ են բնապահպանական տեսուչների ու ոստիկանների հետ հետևելու` ո՞վ, ե՞րբ Սևան մտավ ու ինչքա՞ն սիգ դուրս բերեց.- բացատրում է տնօրենի պաշտոնակատարը:
Արա Խլոյան, «Սևան ազգային պարկի» տնօրենի պաշտոնակատար - Որսը կատարելուց հետո ձկնորսը դուրս է գալու ափ, այնտեղ հանդիպելով մեր աշխատակցին` կշռում է ձուկը:
Օրվա թվերը ֆիքսելու իմաստն ստուգելն է՝ արդյո՞ք տվյալ ձկնորսը չի գերազանցում «կգ-ի դիմաց 65 դրամ» բնօգտագործման վճարով իր ստացած 1.5 կամ 3.5 տոննայի սահմանաչափը: Որ «փող տամ-թիվը փոխի» սխեման չաշխատի՝ վերահսկիչներին Գեղարքունիքից չեն ընտրի:
Տեսուչների խնդիրներից կարևորը՝ մինչև 500 գրամանոց սիգը լճում պահելն է: Մանրաձուկը, ենթադրվում է, թույլատրվող 40 մմ-անոց ցանցում չպետք է մնա: Լինելու դեպքում՝ տեղում առգրավվելու են, որ հանկարծ մարզի ճանապարհներ կամ Երևան վաճառքի չհասնի: Շուկայում հայտնված «կես կգ-ից թեթև սիգն արգելքի առումով հավասար է լինելու թմրանյութ վաճառելուն» պատկերավոր ներկայացնում է Վարդան Մելիքյանը:
Արդյո՞ք Սևան մտնող 1000 նավակից թույլտվություն ստացած 107-ը կզսպեն մյուսների անօրինական բիզնեսը: Ի՞նչ երաշխիք, որ նոր մեխանիզմը ֆինանսապես ձեռնտու կլինի ձկնորսներին. կասկածները շատ են՝ նախարարության հիմնավորումը մեկը: Խոշոր ձուկն օրինական բռնողները կկարողանան ավելի շատ փող վաստակել, քան վերավաճառողից էին ստանում անօրինական, մանր ապրանքից արագ ազատվելու համար:
Սևանի սիգի օրինական որսը՝ տևելու է մոտ 1.5 ամիս, մինչև հոկտեմբեր: Ակադեմիան թույլատրել է 200 տոննա արդյունաբերական որս. ԱԱԾ-ի օրերս բացահայտած քանակը, Մելիքյանը վստահ է, հայտարարված թիվը չի կրճատի: