Ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։
Ողջունելով ներկաներին, Նելլի Դուրյանը նշել է, որ մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասները մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում են։ Ոստիկանությունը համագործակցելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ պարբերաբար իրականացնում է տարաբնույթ միջոցառումներ։
Ոստիկանության գնդապետը հայտնել է, որ օգոստոսի 12-ից սկսած՝ 3 օր մայրաքաղաքում կիրականացվեն միջոցառումներ, որոնց շրջանակում կհայտնաբերվեն մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասներ։
Քննարկվել են նաև ընտանիքում բռնության կանխարգելման ուղղությամբ ոստիկանների ծառայությանը վերաբերող հարցեր։
Խորհրդակցությունից անմիջապես հետո ոստիկանները դուրս են եկել ծառայության։ Ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվեցին մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասներ, նաև՝ չափահասներ։ Բոլորը ներկայացվել են ոստիկանության տարածքային բաժիններ։
Մայրաքաղաքում իրականացվող ծառայությանը հետևում էր ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ղեկավարությունը։
Ոստիկանությունը, հավատարիմ որդեգրած քաղաքականությանը, շարունակում է մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասների խնդրով միջոցառումները։