Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը հաստատելու հարցի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ ի սկզբանե Էկոնոմիկայի նախարարության հետ քննարկել են այն տարբերակը, որ եթե հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտում է արձանագրվում, ապա տնտեսվարողը զրկվում է միջոցառումից օգտվելու հնարավորությունից:
«Գործնականում շատ են դեպքերը, երբ արձանագրված խախտումները տեղի են ունենում այս կամ այն սխալի պատճառով, և խախտումը չի հաստատվում, այդ թվում՝ բողոքարկման հանձնաժողովի կողմից կամ հետագայում վերադասության կարգով, ինչպես նաև դատարանի կողմից: Քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ, որպեսզի խախտումը հաստատված համարվի, առաջարկեցինք բողոքարկման վարչական ակտը ուժի մեջ մտնելու գաղափարը»,- ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով այն մտահոգությանը, որ զուտ արձանագրումը չի նշանակում դեռևս խախտման հաստատված հանգամանք, Հովհաննիսյանն ընդգծեց, որ կարող են պլան նախատեսել, որ արձանագրումից հետո չպետք է տրամադրեն, բայց եթե դատարանով կամ վերադասության կարգով չհաստատվի խախտումը, այդ դեպքում հետո տրամադրեն կամ պետք է տրամադրեն, սակայն պայման նախատեսեն, որ ենթակա կլինի վերադարձման, եթե խախտումը հաստատվի:
Վարչապետն ընդգծեց, որ ընդունելի տարբերակ է, որ ենթակա կլինի վերադարձման, եթե խախտումը հաստատվի: «Այսինքն՝ արդար կլինի այդպես, որ հանկարծ սխալի պատճառով աջակցությունից չզրկվի, բայց մյուս կողմից էլ այդպիսի արարքի մանիպուլյացիայի հետևանքով չստացվի, որ աջակցություն ստացավ այն բյուջեից, որի նկատմամբ ապօրինի գործողություն է կատարվել»,- շեշտեց վարչապետը: