ԱՄՆ Լոս Անջելեսի շրջանի ոստիկանապետ Ալեքս Վիլիանուևայի թույլտվությամբ ծրագրված «ադրբեջանաամերիկյան համայնքի մտահոգությունները» խորագրով խորհրդաժողովը, որը պետք է տեղի ունենար օգոստոսի 12-ին, հայ համայնքի բողոքների շնորհիվ չեղարկվել է։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:
Նշվում է, որ ադրբեջանական հակահայկական քարոզչության փորձի դեմ բողոքողներից մեկն էր Մոնթեբելլոյի նախկին քաղաքապետ, ներկայումս քաղաքային խորհրդի անդամ Ջեք Հաջինյանը, որը վերջերս հայ երիտասարդ ցուցարարների վրա հարձակված արդբեջանցիներին նման առիթ ընծայելու ոստիկանապետի որոշումը համարել էր վիրավորական՝ որպես բողոք հրաժարվելով ոստիկանապետի աշխատակազմի Երիտասարդական հիմնադրամի տնօրենների խորհրդում իր պաշտոնից։