Լիբանանի խորհրդարանն այսօր հաստատեց մինչև օգոստոսի 21-ն արտակարգ դրությունը երկարացնելու կառավարության առաջարկը՝ ընդլայնելով բանակի լիազորությունները: Իրավապաշտպան կառույցները մտահոգ են. արտակարգ դրության պայմաններում կառավարման գրեթե բոլոր լծակները մայրաքաղաքում փոխանցվում են Լիբանանի Զինված ուժերին։ Լիբանանցի զինվորականներն իրավունք են ստանում Բեյրութում անհրաժեշտության դեպքում հաստատել պարետային ժամ, գրաքննել քաղաքում լույս տեսնող լրատվամիջոցների հրապարակումները, արգելել հավաքները։ Խորհրդարանը շտապում է ցրել մտահոգությունները:
Նաբիհ Բերի, Լիբանանի խորհրդարանի նախագահ - Բանակը ժողովրդին վախեցնելու քայլեր չի ձեռնարկել, մենք չենք ճնշում հեռուստատեսություններին՝ չնայած մամուլում իշխող քաոսին:
Լիբանանում արտակարգ դրությունն ուղեկցվում է տնտեսական, սոցիալական, քաղաքական ճգնաժամով: Բարեկամ ժողովրդի համար ծանր օրերին Հայաստանի կառավարությունը հիշեցնում է դեռ 2018-ին Սփյուռքի նախարարության մշակած հայեցակարգը՝ ուժեղ Հայաստան, ուժեղ սփյուռք:
Մխիթար Հայրապետյան, ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ - Այսօր Հայաստանը պատասխանատվություն ունի ոչ միայն տեղի հայ համայնքի, այլև լիբանանցի ժողովրդի նկատմամբ: Վերջին հումանիտար օգնությունները շարունակական են լինելու:
Լիբանանում ցույցերը չեն դադարում նույնիսկ կառավարության հրաժարականից հետո. քաղաքացիները պահանջում են նախ վերականգնել աղետի վնասները: