ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության բաժնի հաղորդմամբ, Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է 13 գողության և 7 գողության փորձի դեպք, պարզվել են մի շարք հանգամանքներ, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացվել են և տրվել քրեաիրավական գնահատականներ:
Քննությամբ պարզվել է, որ քրեական գործով մեղադրյալները գործել են ինչպես առանձին, այնպես էլ՝ խմբի կազմում, համագործակցված, փոխկապակցված, և որոշում է կայացվել նրանց վերաբերյալ հարուցված բոլոր 17 քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ: Նախաքննության ընթացքում պարզվել է տուժածների շրջանակը, որոնցից 10-ը Ֆիզիկական անձինք են, 6-ը՝ իրավաբանական:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի՝ 1987թ. ծնված բնակիչը, Արմավիր քաղաքի անչափահաս` 2001թ. ծնված բնակչի հետ, 2018թ. դեկտեմբեր և 2019թ. հունվար ամիսներին, խմբի կազմում և միայնակ, Արմավիր քաղաքում գտնվող ՍՊ ընկերությունից գողացել են 7 հատ խոտհնձիչ մեքենա:
Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի քննության արդյունքում մեկ վարույթում են միացվել վերջինիս կողմից երկու այլ հանցակիցների՝ Արմավիր քաղաքի` 2002թ. և նույն մարզի Լենուղի գյուղի՝ 1998թ. ծնված բնակիչների հետ խմբի կազմում պահեստարան և շինություն ապօրինի մուտք գործելու և այնտեղից գողություն և գողության փորձ կատարելու դեպքերի վերաբերյալ հարուցված թվով չորս քրեական գործերը: Հետագայում Արմավիր քաղաքի 2001թ. անչափահաս բնակչի վերաբերյալ մասը գործից անջատվել է առանձին վարույթ և դեռևս 2019թ. սեպտեմբեր ամսին, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են այլ անձանց կողմից կատարված գողությունների դեպքեր ևս:
Մասնավորապես պարզվել է, որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղի մեկ այլ բնակիչ՝ ծնված 2001թ., ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության շուրջ համաձայնության է եկել 2001թ. և 1998թ. ծնված համագյուղացիների հետ և նախապես կատարված դերաբաշխմամբ իրականացրել շուրջ մեկ տասնյակից ավելի գողություններ և գողության փորձեր, իսկ գողոնը բաժանել են միմյանց միջև՝ այդկերպ մի շարք ընկերություններին և ֆիզիկական անձանց պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ Սարդարապատ գյուղի՝ 1993թ. ծնված բնակչի, նույն մարզի Լենուղի գյուղի՝ ներկայումս հանգուցյալ բնակչի և Սևան քաղաքի 1971թ. ծնված բնակչի մասնակցությամբ կատարված մի շարք գողությունների վերաբերյալ, որոնց առթիվ հարուցվել են քրեական գործեր և միացվել մեկ վարույթում:
Գողությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերի քննությամբ բացահայտվել են նաև սուտ մատնության և սուտ մատնության դրդչություն կատարելու դեպքեր:
Այսպես, մեղադրյալներից մեկը` Սարդարապատ գյուղի բնակիչը, նախկինում իրենց կատարած հանցագործությունների մասին չբարձրաձայնելու և իրականությունը չհայտնելու նպատակով, հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող, սույն գործով մինչ այդ կալանավոր, ներկայումս հանգուցյալ, Լենուղի գյուղի 1998թ. ծնված բնակչի հետ, և միմյանց միջև սպասվելիք առերես հարցաքննության հետ կապված, վերջինիս համոզելու, նյութապես շահագրգռելու, ինչպես նաև՝ սպառնալիքի եղանակով, նրան դրդել է առերեսման ժամանակ տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք, իսկ մինչ այդ տրված խոստովանական ցուցմունքի հետ կապված՝ դրդել և համոզել է, որպեսզի առերեսման ժամանակ քննիչին հայտնի, որ նա այդ ցուցմունքը տվել է ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու հետևանքով:
Արդյունքում՝ կալանավորն առերես հարցաքննության ժամանակ, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հաղորդում է տվել այն մասին, որ բերման ենթարկվելուց հետո, քրեական հետախուզության աշխատակիցները, իրեն հայհոյելով և իր նկատմամբ բռնություն գործադրելով, իրենից կորզել են իրականությանը չհամապատասխանող ցուցմունք` այդ կերպ վերջիններիս մեղադրելով ծանր հանցագործության մեջ` զուգորդված սուտ մատնությամբ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2019թ. նոյեմբերի 16-ին, Լենուղի գյուղի՝ 1998թ. ծնված նախկին բնակիչ, ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորը կախվելու եղանակով ինքնասպան է եղել իր խցում. որոշում է կայացվել՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին` մեղադրյալի մահվան հիմքով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նորապատ գյուղի՝ 1987թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ), 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Լենուղի գյուղի անչափահաս 2001թ. ծնված բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով (2 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) կետով:
Իսկ Լենուղի գյուղի մյուս անչափահասին՝ ծնված 2001թ., մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ), 34- 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, և ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Քրեական գործով ևս մեկ մեղադրյալի՝ Արմավիր քաղաքի՝ 2002թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել` ծնողի հսկողությանը հանձնելը, ով սակայն ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող մեկ այլ քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ և հանդիսանում է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր:
Քրեական գործով ևս մեկ մեղադրյալի՝ Սևան քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված տղամարդու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին և հայտարարվել է հետախուզում, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: Վերջինիս վերաբերյալ մասը, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, անջատվել է առանձին վարույթ, որը, տարածքային ենթակայության կարգով, նախաքննություն իրականացնելու համար, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:
Իսկ Սարդարապատ գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 38-րդ հոդվածի 4-րդ մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործով բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: