ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի գործադիր խորհրդի անդամներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը։
Ողջունելով ներկաներին` նախարար Ա. Հարությունյանը նախ նշել է, որ թանգարանների վերաբացման հարցին կրկին անդրադարձ է լինելու հաջորդ շաբաթ։ Նրա խոսքով` թանգարաններն առաջին հերթին կրթական կառույցներ են և դպրոց-թանգարան, բուհ-թանգարան կապերն ակտիվացնելու և համակարգային մոտեցումներ ձևավորելու գործում ԻԿՕՄ-ի հետ համագործակցությունը կարևոր է: Նախարարը նաև անդրադարձել է հավաքածուների հաշվառման գործի կարևորությանը, թանգարանային ոլորտի օրենսդրական բարեփոխումներին։
ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանը ներկայացրել է կազմակերպության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները: Թանգարանների վերաբացման հարցերի շուրջ քննարկման ժամանակ Ա. Ավագյանը խոսել է վերջին ամիսներին իրականացրած` «ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման ծրագիր թանգարանների և արգելոց-թանգարանների համար» ծրագրի մասին` նշելով, որ մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ ներգրավել են համապատասխան նյութատեխնիկական աջակցություն Հայաստանի թանգարանների համար: Առաջիկայում կիրականացվի ծրագրի առաջին փուլը և ՀՀ 5 մարզերի 36 թանգարանների կտրամադրվի համապատասխան աջակցություն` վերաբացմանը պատրաստ լինելու համար։ Բացի այդ, ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ մշակվել է վերապատրաստումների ծրագիր, ներգրավվել է միջազգային փորձագետ։
Հանդիպման ընթացքում կոմիտեի անդամները խոսել են թանգարանային ոլորտին առնչվող հիմնախնդիրներից, քննարկել բարեփոխումների հետ կապված հարցեր: Նախարար Ա. Հարությունյանը նշել է, որ թանգարանների կառավարման և ֆինանսավորման նոր մոդելի մշակումն արդիական խնդիր է, տրվել է հաստիքացուցակների և պաշտոնի անձնագրերի գործը ամբողջացնելու հանձնարարական։ Ամփոփելով հանդիպումը` նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում համատեղ ուժերով կիրականացվեն ոլորտի համակարգային բարեփոխումներ: