Կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը: Նախարարը հայտնեց՝ միջոցառումը վերաբերում է խաղողի մթերումներին և գինեգործության ու կոնյակագործության ոլորտում գործող կազմակերպությունների մոտ առկա խնդիրները կարգավորելուն:
Խաչատրյանը հայտնեց՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով թե՛ արտահանման, թե՛ ներքին շուկայում իրացման ծավալների 30 տոկոսով անկումներ են արձանագրված, և դրանք ազդեցություն են թողել կազմակերպությունների վրա երկու առումով. նախ՝ ընթացիկ դրամական եկամուտները նվազել են, որովհետև վաճառքներն են նվազել, և երկրորդ՝ ընդհանուր այդ ոլորտում գործունեության պայմանների վատացման հետևանքով բանկերն ավելի զգուշավոր են այդ կազմակերպությունների հետ և ավելի դժվարությամբ են վարկավորում:
«Առջևում խաղողի մթերումներն են, և մենք ունենք տեղեկություններ, որ այս տարի խաղողի բերքը զգալիորեն բարձր է լինելու, քան նախորդ մի քանի տարիներին: Կազմակերպությունները, որոնք դեռևս բավարար չափով վաճառք չունեն, ունեն նաև որոշակի ֆիզիկական վերազինման անհրաժեշտություն, որովհետև այն տարողությունները, որոնք նրանք օգտագործում են պատրաստի արտադրանքի կամ մթերումների ժամանակահատվածում, չվաճառված արտադրանքի դեպքում արդեն բավարար չեն թվում, ու որոշ դեպքերում դժվարություններ են առաջացնում բնականոն գործունեությունը կազմակերպելու համար»,- նշեց Խաչատրյանը:
Մթերումների շրջանում մթերումներ իրականացնող կազմակերպություններին սուբսիդավորվող վարկեր կտրամադրվեն, այսինքն՝ Կառավարությունը կսուբսիդավորի վարկի տոկոսն ամբողջությամբ: Սուբսիդավորման առավելագույն ժամկետն առաջարկվեց սահմանել 24 ամիս, վարկի առավելագույն սահմանաչափը՝ 3 միլիարդ դրամ, վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը՝ 3-6 ամիս:
Նախագծի ընդունման արդյունքում խաղողի մեծածավալ մթերումներ իրականացնող տնտեսվարողները հնարավորություն կստանան ներգրավելու անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ, լիզինգով ձեռք բերելու հումքի և արտադրանքի պահման տարողություններ ու կաղնեփայտե տարաներ, կազմակերպելու խաղողի մթերման գործընթացն ու վճարելու խաղողագործներից գնված բերքի արժեքը, որոշ չափով նվազեցնելու արտադրանքի ինքնարժեքն ու ավելացնելու արտադրանքի իրացման ծավալները։