«Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ օրերս միության անդամները հանդիպել են ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, պ․գ․թ․, դոցենտ, «Պատմություն» առարկայախմբի առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանի հետ։
«Կառուցողական և առողջ մթնոլորտում քննարկվեցին «Հայոց Պատմություն» առարկայի չափորոշիչներին, առարկայի ապագային, դրանում տեղ գտնող նյութերին և դրանցում պարունակվող ուղերձներին առնչվող մի շարք հարցեր։
Լիլիթ Մկրտչյանը մի շարք հստակեցումներ արեց, որոնք գրեթե ամբողջությամբ ընդունելի են մեր միության կողմից։
Միանալով բազմաթիվ անձերի հստակեցումներին՝ մենք ևս հաստատում ենք, որ չափորոշիչներում չկա ոչ մի հակազգային, հակապետական դրսևորում կամ դրա քարոզ, չափորոշիչներում առկա մի շարք տեխնիկական խնդիրները ոչ մի աղերս չունեն «հակազգային» դրսևորումների հետ։
Ամփոփ կերպով ծանոթանալով չափորոշիչներին՝ կարող ենք ասել. ավելին՝ դրանք իրենց ոգով ազգային են և պետականամետ, ուղղված են աշակերտի մեջ զարգացնելու պատմական, վերլուծական և ինքնուրույն մտածելու կարողությունը, դրանք, ի տարբերություն այժմ գործող դպրոցական դասագրքերի, միտում չունեն աշակերտին պարտադրելու հեղինակի կարծիքը (որի մասին բազմիցս բարձրաձայնել ենք մենք)։
Ցավով պիտի նշենք, որ չափորոշիչների «հակազգային» բնույթի մասին խոսողները զբաղվում են մանիպուլյացիաներով և հակագիտական գործունեությամբ՝ ելնելով նեղ անձնական ու քաղաքական շահերից (այս մասին մենք ևս խոսել էինք դեռ անցյալ տարի), նրանց ջղաձգումները ղեկավարվում են հստակ կառույցներից։
Նաև ցավոք պիտի նշենք, որ ԳԱԱ պատմության ինստիտուտը իրեն դրսևորում է հակագիտական ու քաղաքական ուղղվածությամբ, և սա մեր ազգային ամոթն է, երբ ազգային գիտական բարձր հաստատությունը պայքարում է գիտության դեմ՝ թաքնվելով «հայրենասիրության» թիկունքում, հարձակում կատարում գործընկերոջ վրա, թիրախավորում նրա անձը՝ խախտելով և՛ գիտական, և՛ ազգային-հասարակական բարեկրթության կարգերը. ՏՈԵՄ-ը դատապարտում է այդ պահվածքը։
ՏՈԵՄ-ը իր լիակատար աջակցությունն է հայտնում Լիլիթ Մկրտչյանին՝ նախաձեռնված բարեփոխումներում, նրա անձի դեմ հարձակումները գնահատում ենք ոչ այլ ինչ, քան անտակտություն և անաչառ գիտության դեմ հարձակում ու աշխատանքների խոչընդոտում։
«Պատմություն» առարկայի չափորոշիչների փոփոխությունները բխում են հայ ազգային-պետական շահերից, և ոլորտում տիրող բացասական մթնոլորտը Լիլիթ Մկրտչյանի անձնական հարցը չէ, այլ հայկական գիտության, դրա առողջության ու անաչառության, ուստի կոչ ենք անում բոլոր գիտության ներկայացուցիչներին, դրան առնչվող ոլորտի ներկայացուցիչներին՝ ձեռնպահ չմնալ, աջակից լինել, խոսել և չվախենալ»,- ասվում է ՏՈԵՄ-ի հայտարարության մեջ: