Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Ճգնաժամը որպես հնարավորություն» հայեցակարգին՝ ընդգծելով, որ գործընկերության մթնոլորտը առաջնահերթ ու շեշտադրված պետք է դառնա տնտեսվարողների մոտ: Վարչապետը հիշեց 2 տարի առաջ հրավիրված քննարկումը, երբ տնտեսվարողներին ասվում էր, որ պետբյուջեն բոլորիս ընդհանուր գրպանն է, և պետք չէ ամեն ինչ անել, որ մի կոպեկ պակաս վճարել բյուջե:
«Հիմա այս հանդիպումների ընթացքում հիշեցնում էի մեր գործընկերներին, ասում էի՝ հիշո՞ւմ եք երկու տարի առաջ: Հիմա եկել եք, ասում եք՝ բյուջեից էս տվեք, էս տվեք, էն տվեք, բայց որ խոսքը գնում է՝ բյուջե ինչքանով եք պարտաճանաչ վճարում, էն ժամանակ դրա մասին խոսք չի լինում: Դրա համար էլ գործարար շրջանակները ինձ հետ հանդիպումներից հետո ասում են՝ դժգոհ ենք: Պետք է մեր վարքագծի մասին մտածենք, չէ՞: Ի՞նչ է նշանակում ՀԴՄ չտպել: Էն ժամանակ ասում էին՝ Կառավարությունը կոռումպացված է, բոլորը տանում են, մենք էլ ենք տանում: Հիմա էլ ես եմ ասում, որ այդ կոռուպցիոն երևույթը դեռ մնացել է: ՀԴՄ չտպելը զինվորի հացը գողանալ է»,- նշեց վարչապետը:
Վարչապետն անդրադարձավ նաև գույքահարկի շուրջ առաջացած դժգոհություններին:
«Ոչ մեկը չի ասում՝ եկեք տեսնենք՝ Երևանի կենտրոնում գույքահարկը քանի կոպեկ է, ոչ մեկը չի ասում՝ ՀՀ-ում անշարժ գույքի հարկ ընդհանրապես գոյություն չի ունեցել, փախեփախի տրամաբանության մեջ է եղել, որովհետև անշարժ գույքի կադաստրային արժեքը դրված է եղել սեփականաշնորհումների հիմքում, և չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ Հայաստանի գույքը ոչ միայն սեփականաշնորհվել է, այլև դրանից հետո ոչ մի կոպեկ հարկ չի վճարվել: Մենք կվերադառնանք նախորդ շրջանին, երբ ամենադաժան ձևով պետք է բիզնեսի կարգապահությունն ու ստանդարտները բարձրացնենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ մեր բիզնեսի խնդիրն այն է, որ ստանդարտները միշտ ամենացածրի վրա են դրվում:
«Ավելի կարևոր է, որ այդ գործարարության արդյունքում հնարավորինս երկար, հնարավորինս բարձր, հնարավորինս լայն ավտոմեքենայով շրջեն, քան գումար ներդնեն գիտելիքի, տեխնոլոգիայի, ստանդարտի վրա: Հնարավորինս երկար շարասյունով շրջեն, քան բիզնեսի, տեխնոլոգիայի ու նորարարության վրա գումար ներդնեն: Դրա համար էլ այս վիճակներն են ստացվում: Գնանք, նայենք շինարարությունները մեր երկրում: Մեր երկրում շինհրապարակները նայում ես, պատկերացում ես կազմում, թե ինչ բիզնես կուլտուրա գոյություն ունի Հայաստանում, որովհետև շինհրապարակ Հայաստանում նշանակում է աղբանոց առաջին հերթին:
Մենք պետք է շատ հստակ ստանդարտ դնենք: Պետք է բիզնեսին ասենք՝ մենք գործընկե՞ր ենք, թե՞ գործընկեր չենք: Իսկ գործընկերը հետևյալն է. երբ վիճակը լավ է, հարկեր վճարելու ժամանակն է գալիս, հայտնի լացի պատմությունը սկսում է, երբ ճգնաժամ է, գալիս, ասում են՝ դե, 1 միլիարդ մեզ տվեք, 5՝ նրան տվեք, 60 միլիարդ այնտեղ դրեք: Դուք, մենք բոլորս ենք ձևավորում բյուջեն: Որտեղի՞ց վճարենք, երբ դուք ասում էիք՝ չկա այդ փողը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: