Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ նախագիծը, որով առաջարկվում էր 2003-2015 թթ. ընթացքում 163 ընտանիքի հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց, որ բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով՝ 10 տարի ժամկետով: Պայմանագրով նախատեսվում էր, որ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության:
«Չնայած դրան, մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել, և շրջանավարտներից 3-ի զբաղեցրած բնակարանների շենքերի նախնական վիճակը, համաձայն Քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած տվյալների, դեռևս 2003-2004 թվականններին՝ մինչ պայմանագրի կնքումը, գնահատվել է երրորդ աստիճանի վնասվածության: Նախագծով առաջարկվում է այս շահառուներին տրամադրել բնակարանի գնման վկայագիր՝ պայմանով, որ կհանձնեն նախկինում իրենց հատկացված տարածքը»,- ասաց նախարարը:
Բաթոյանը նշեց, որ հերթացուցակում ներառված, սակայն բնակարններ չստացած մնացյալ շահառուների համար 2019 թվականին մեկնարկեց «Բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու գործընթացը», և արդյունքում շրջանավարտներին հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան սեփականության իրավունքով:
«Այսպիսով, նույն իրավիճակով անձինք հայտնվեցին անհավասար պայմաններում, ուստի նախագծի ընդունմամբ կվերացվի այդ անհավասարությունը, և կամբողջացվի 1991-2019 թվականների մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծումը»,- ասաց Բաթոյանը: