Կառավարության արտահերթ նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց, թե արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը զուգահեռ ինչ սահմանափակումներ են հանվում:
Նախարարը նշեց, որ արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների շարունակական կիառումը դեռևս կարող է էական ազդեցություն ունենալ դեպքերի թվի աճի տեմպերի նվազման վրա, և այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, դեռևս պահպանվում են, դրա համար էլ առաջարկվում է հինգերորդ անգամ օգոստոսի 12-ին՝ ժամը 17:00-ից, 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, երկարաձգել արտակարգ դրությունը երկրում:
«Մեղմացումներ են առկա. նախ վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը: Միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի իրականացվում հոսպիտալացում, ապա անձը 14 օր ինքնամեկուսանում է, սակայն նորամուծություն կա, 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել թեստ, և բացասական արդյունքի դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է:
Հանրապետության ամբողջ տարածքում վերացվում է հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույտվությամբ, սակայն որոշակի կանոնների պահպանումով: Մասնավորապես, անհրաժեշտ է պարետի սահմանած կարգով և պահանջներին համապատասխան՝ դիմակ կրել և սոցիալական հեռավորություն պահպանել առնվազն 1.5 մետր:
Մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանացային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանք թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով՝ պահպանելով պարետի սահմանած կանոնները: Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահամանափակումների կիրառման հնարավորությունը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ վարակակիրների հայտնաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների, կոնտակտավորների և ինքնամեկուսացված անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը ոչ ավելի, քան 14-օրյա ժամկետով: