ԱԺ հատուկ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը դիմեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ հետաքրքրվելով՝ ի՞նչ կարող է ասել Ամուլսարի խնդրով Կառավարության տված խոստումներին սպասող քաղաքացիներին:
«Եթե մենք որևէ խոստում ենք տվել, որ չենք իրականացրել, կխնդրեմ շատ ավելի հասցեական ու կոնկրետ ասել: Ես չեմ հիշում որևէ խոստում, որը մենք տվել ու չենք կատարել նույն Ամուլսարի հետ կապված: Այս խնդիրը բազմաթիվ շերտեր ուներ, և կարծում եմ՝ մեր արած նախկին հայտարարություններն ուժի մեջ են և՛ ընդհանուր առմամբ այն պահանջների հետ կապված, որոնք անում են բնապահպան մեր գործընկերները, և՛ այն պահանջների, որ «Լիդիանն» էր բարձրաձայնում Կառավարության նկատմամբ:
Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ բոլոր հարցերը, որոնք հետագայում կքննարկվեն թե՛ ՇՄԱԳ-ի, թե՛ պահնորդական ծառայությանը լիցենզիայից զրկելու հետ կապված, համապատասխանաբար օրենքի և Կառավարության որոշումների ընթացակարգերով պետք է իրականացվեն: Եթե ՇՄԱԳ-ը չի համապատասխանում բոլոր այն պայմաններին, որոնցով պետք է անցներ, ուրեմն պետք է չեղարկվի, եթե համապատասխանում է, խնդիր չկա: Եթե լիզենցիայից զրկելու հիմքեր կան, ապա համապատասխան գերատեսչությունը պետք է դա անի»,- նշեց Ավինյանը: