ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով դիմակ չկրելու դեպքում քաղաքացիներին տուգանելուն, նշեց, որ ոստիկանության պարտականությունն է հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանն ու դրանց խախտման դեպքում կազմել արձանագրություն ու տուգանել: Ավինյանը նաև գոհունակություն հայտնեց ոստիկանության աշխատանքից:
«Ընդհանուր թվեր չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ վերջին տվյալը մեկ օրվա, որ գիտեմ, 3800 տուգանք է եղել: Մեկ օրվա մասին է խոսքը, որը լավ չէ, ու նշանակում է, որ շարունակում ենք կանոնները ոչ պատշաճ պահպանել: Եվ իրականում՝ ոստիկանության էֆեկտիվ աշխատանքն է, որ հակահամաճարակային իրավիճակի և մեր օրական թվերի վրա որոշակի ազդեցություն է ունեցել: Որոշակի կոշտությունը գործողություններում իրականում էֆեկտիվ է, և եթե այս կոշտությունն ունենայինք ապրիլ-մայիսին, համոզված եմ՝ այլ պատկեր կունենայինք այսօր»,- նշեց Ավինյանը:
Բացօթյա տարածքներում դիմակի կրման անհրաժեշտության վերացման մասին խոսելիս էլ պարետը հավելեց, որ որոշ դեպքերում կրման պարտադիր պայմանը հանվելու է որոշ խմբերի համար, և դրա մասին մանրամասն կխոսեն շուտով:
«Որևէ մեկս չենք ուզում այս դիմակներով անվերջ ապրել, դա հաճելի չէ, բայց այս կանոնի սահմանման հիմնական նպատակն այն է, որ այն դառնա վարքագծային կանոն, որ ինքներս սովորենք, որ վարակի տարածումը հնարավորինս կանխարգելենք»,- նշեց Ավինյանը: