Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումները խորությամբ ուսումնասիրել են ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի կողմից բարձրաձայնված՝ Կարմիր կատար կոչվող բարձունքի խառնարանային լճին վերաբերող խնդիրը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՇՄ նախարարության խոսնակ Դավիթ Գրիգորյանը:
«Ըստ օգտատերերի, մի քաղաքացի՝ պոմպի միջոցով, բնական ճանապարհով ձևավորված լճի ջուրն օգտագործում է սեփական կարիքների համար։
Նշենք, որ այդ լճից ջրառ իրականացնելու համար Շրջակա միջավայրի նախարարության կողմից ջրօգտագործման թույլտվություն չի տրվել։ Հետևաբար, որևէ քաղաքացի լճից ջրառ իրականացնելու իրավունք չունի։
Հաշվի առնելով լճի` բնական էկոհամակարգի մաս հանդիսանալու փաստը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է նամակ ուղղել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ պարզելու, թե ինչ պայմաններով է լճից ջրառ իրականացվում, տեղում ծանոթանալ խնդրին և օրենքով սահմանված կարգով վերականգնել լճի բնականոն վիճակը։
Հարկ է նշել, որ այս պահին արդեն խառնարանային լիճ հարակից տարածքում են գտնվում ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ոստիկանության ներկայացուցիչները։
Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք շրջայցի ավարտից հետո։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք սրտացավ վերաբերմունք են ցուցաբերում նմանօրինակ խնդիրներն արձանագրելիս և օպերատիվ արձագանքում։
Հատկապես այս փուլում, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվումը բնության պահպանության առաքինի գործին ունի առանձնահատուկ կարևորություն»,- գրել է խոսնակը։