Հ-8, Երևան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ճանապարհի երկու հատվածներում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ 3.6 կմ երկարությամբ հատվածում աշխատանքներ է կատարում «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 425 միլիոն 532 հազար դրամ։ 9.1 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգում է «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն. աշխատանքների պայմանագրային արժեքն է 1 միլիարդ 41 միլիոն դրամ։
Հիմնանորոգման շրջանակում իրականացվում են հողային աշխատանքներ, կամուրջների նորոգում, կողնակների հարթեցում և լրացում, մայթերի, եզրաքարերի, անվտանգության տարրերի իրականացում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում‚ գծանշում։
«Արարատ ճանշին» ընկերության գլխավոր ինժեներ Հրաչիկ Սարգսյանը նշել է‚ որ հիմնանորոգվող հատվածն անցնում է Արարատի մարզի Տափերական և Նոր Կյանք համայնքներով։ Այս պահին ընկերության աշխատակիցները արդեն իսկ 900 գծամետր ասֆալտի ներքին շերտ են տեղադրել։ Մոտ 800 գծամետր էլ կտեղադրեն առաջիկա օրերին։ Ճանապարհն ավելի քան 35 տարի չէր նորոգվել‚ ուստի շինարարական աշխատանքների ընթացքում ականատես են լինում բնակիչների գոհունակությանը։