Սևանա լճի պահպանությանն ու լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված աշխատանքները Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են։
Իրականացվող ռազմավարական գործողությունների շրջանակում շուտով կմեկնարկի Սևանա լճում արդյունագործական ձկնորսության նախագիծը, որը նպատակ ունի կանոնակարգել լճում սիգի արդյունագործական որսն ու առարկայական քայլեր ձեռնարկել Սևանա լճի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։
Ըստ այդմ՝ շուտով․
Սևանա լճի ափամերձ հատվածներում գործելու են 17 հսկվող կետեր:
Ձկնորսների լողամիջոցները ջուր են իջնելու «Սևան» ազգային պարկի և այլ պատասխանատու կառույցների հսկողության ներքո՝ նշված տեղամասերից:
Արդյունագործական որսն իրականացնելուց հետո ձկնորսները վերադառնալու են նույն տեղամաս:
Իրականացվելու է որսված ձկան հաշվարկ, գրանցում:
Առկա պայմանագրի և դրանում նշված բոլոր պահանջների համապատասխանության դեպքում ձկնորսն ունենալու է ձկան վաճառքի համար նախատեսված օրինական հիմք:
Մյուս բոլոր դեպքերում (պայմանագրի բացակայություն, ձկան որս օրվա ոչ լուսային ժամերին, չթույլատրված հատվածներում) դիտարկվելու է որպես ապօրինություն։ Իրականացվելու է խիստ վարչարարություն։
«Շրջակա միջավայրի նախարարությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում է չգնել շուկաներում և վաճառքի այլ վայրերում անօրինական ճանապարհով հայտնված Սևանի սիգ ձկնատեսակի մանրաձուկ։
Ըստ նախագծի՝ Սևանա լճի սիգ ձկնատեսակի՝ վաճառքի ենթակա օրինական քաշը չպետք է 500 գրամից նվազ լինի։
Կոչ ենք անում զերծ մնալ Սևանա լճից որսված մանրաձուկը գնելուց, միասնական ուժերով պահպանենք Սևանի ձկնապշարներն ու համատեղ ջանքերով վերականգնենք կապուտակ Սևանի էկոհամակարգը՝ օրենքի ուժով»,- նշված է հաղորդագրության մեջ: