Կառավարության արտահերթ նիստի օրակարգում այս տարվա մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցն էր:
Վարչապետը նշեց, որ ապրիլին, երբ երկիրը գործնականում խիստ սահմանափակումների ռեժիմում էր, արձանագրվեց, որ, օրինակ, սոցիալական և տնտեսական խնդիրները խորանում են, ապրիլին 50 հազար աշխատատեղի կրճատում եղավ:
Վարչապետն ասաց, որ հնարավոր չէ հակահամաճարակային կանոնները պահել առանց քաղաքացիների մասնակցության, և խնդիր դրվեց, որ քաղաքացիներին պետք է ուղիղ ներկայացվի իրավիճակը, և Կառավարության պատասխանատվությունն էր, որ որևէ քաղաքացի չմնա առանց պատշաճ բուժօգնության: Փաշինյանը շեշտեց, որ այդ ժամանակահատվածում Կառավարությունը, Առողջապահության նախարարությունը գործնականում արել են անհնարինը՝ առողջպահական մեծ հզորություններ ծավալելով:
«Մենք այս խնդիրն արմատապես լուծելու շանս ենք ստացել»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այսօր թվերի նվազմանը զուգահեռ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիների թվի էական աճ կա, և խնդիրն է իրավիճակը ճիշտ գնահատել երկրորդ ալիքից խուսափելու համար:
«Մենք այսօր անցնելով այս դժոխքի միջով, ունենալով 800 մահ բուն կորոնավիրուսի պատճառով և 234 մահ՝ այլ պատճառով, շանս ունենք աշնանը գտնվել բոլորովին ուրիշ վիճակում: Այսինքն՝ ըստ էության, հաղթահարած վիճակում լինել՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարվի: Դա կլինի այդպես, եթե մենք ռազմավարությունը ճիշտ շարունակենք իրագործել»,- ասաց վարչապետը՝ առաջնայինը կարևորելով դիմակի կրման բացառիկ պարտականությունը: