Ազգային ժողովի հատուկ նիստում քննարկվում է Կառավարության նիստում ընդունված՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշումը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց, որ որոշման համաձայն՝ արտակարգ դրությունը շարունակում է գործել հանրապետության ողջ տարածքում մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն:
«Հուսով եմ՝ այսօր արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ: Միաժամանակ երկրում, համաճարակաբանական ներկա վիճակով պայմանավորված, արտակարգ դրության ռեժիմում տեղի են ունեցել սահմանափակումներ, մի շարք մեղմացումներ»,- ասաց ՀՀ պարետը:
Ավինյանը ներկայացրեց, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքերի թիվը 40 794 է: Առողջացել է 33 492 հոգի, փաստացի բուժում են ստանում 6262 պացիենտ, եղել է մահվան 806 դեպք: Օգոստոսի 12-ի դրությամբ փաստացի բուժում ստացողներից 258-ը գտնվում են ծանր վիճակում, 57-ը՝ ծայրահեղ ծանր, թոքային օդափոխման սարքերին է միացված 20 պացիենտ:
«Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը մեզ զգուշավոր լավատեսության հիմք է տալիս: Այսօր երկրում համաճարակաբանական վիճակը գնահատում ենք միջինից դեպի թեթև ընթացող ծանրության, իսկ առողջապահական համակարգի տեսանկյունից իրավիճակը լիովին վերահսկելի է: Բացարձակ թվերով օրական հաստատվող նոր դեպքերի թիվը դեռևս համարում ենք բարձր միջինում շուրջ 100-200 հոգի, բայց եթե նախկինում նոր դրական դեպքերը հասնում էին 24 ժամվա ընթացքում կատարված հետազոտությունների 25-30 տոկոսի, ապա ներկայումս այդ թիվը տատանվում է 10-15 տոկոսի միջակայքում: Սա նշանակում է, որ վարակվածության դեպքերի հայտնաբերելիությունն էապես բարելավվել է»,- ընդգծեց Ավինյանը:
Նա նշեց, որ համավարակի տարածման կանխարգելման նպատակով սահմանված կանոնների կիրառումը մինչև այժմ դրական արդյունքներ են ապահովել, և այդ մասին են վկայում նաև տեսչական մարմինների իրականացրած մոնիտորինգի արդյունքները:
«Վերջին երեք ամիսների առաջին տասնօրյակներում իրականացված ստուգումների մեջ արձանագրված խախտումների տեսակարար կշիռը կազմել է հունիսի առաջին տասնօրյակում՝ 20 տոկոս, հուլիսին՝ 5 տոկոս, իսկ օգոստոսի առաջին տասնօրյակում՝ 3.9 տոկոս: Երկրում արտակարգ դրության իրավական ռեժիմի կիրառման համար հիմք հանդիսացող և հանրային առողջության համար նշանակալի ռիսկերը դեռևս չեզոքացված չեն: Վերջին շրջանում դրական միտումներ ենք նկատում, բայց ինչպես բազմաթիվ այլ երկրների փորձն է ցույց տալիս, նույնիսկ այնտեղ, որտեղ թվում էր, թե հաղթահարվել է կորոնավիրուսի մարտահրավերը, ընդամենը օրերի ընթացքում նոր բռնկումներ են տեղի ունենում, և շատ պետություններ ստիպված են լինում վերադառնալ իրենց պայքարի զրոյական կետին»,- ասաց Ավինյանը և ընդգծեց, որ բոլորը պետք է հանուն ժողովրդի առողջության և անվտանգության առավել զգոն ու կարգապահ լինեն: