ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը խորհրդարանում հատուկ նիստի ժամանակ անդրադարձավ օգստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունին և բարեկամ երկրի կրած վնասներին:
«Այսօր Հայաստանը ոչ միայն պատասխանատվության զգացում ունի տեղի հայ համայնքի, այլև լիբանանցի ժողովրդի նկատմամբ: Եվ վերջին հումանիտար օգնությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, վստահ եմ, որ կրելու են շարունակական բնույթ: Շատ կարևոր է, որ անենք մեր լավագույնը, որպեսզի մեր հայրենակիցների մասին հոգ տանենք, որոնք այսօր դժվարին կացության մեջ են, բայց, միևնույն ժամանակ, ասել, որ մեր այն հայրենակիցները, որոնք, այնուամենայնիվ, կարևորագույն որոշում կկայացնեն լքելու որևէ երկիր, որտեղ որևէ հնարավորություն չեն տեսնում գոյատևելու, ապրելու, ստեղծագործելու, Հայաստանի Հանրապետությունը լինելու է իրենց երկրորդ տունը:
Գիտեք, որ տասնամյակներ շարունակ մեր երկիրը մեր հայրենակիցների կողմից ընկալվել է լոկ որպես հուզական տարածք, բայց ո՛չ որպես տուն, ո՛չ որպես պետություն, որտեղ կարելի է գալ, ստեղծագործել, հարստանալ ու հարստացնել բոլորին:
Այսօր մենք մեր երկիրը մեր երազանքներով ու ընկալումներով ստեղծում ենք այնպիսին, որը լինելու է տուն, որը նախկինում մեր արած սխալների հետևանքով չդարձավ տուն նույն տարածաշրջանի այլ երկրներից գաղթած մեր հայրենակիցների համար:
Շատ կարևոր է, որ մեր այն հայրենակիցը, որը որոշում կկայացնի տեղափոխվել որևէ երկիր, այդ երկիրը լինի Հայաստանը: Հայաստանը պետք է լինի երկրորդ և մշտական տունը մեր հայրենակիցների համար»,- ասաց Հայրապետյանը: