Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Բելառուսի առաջնորդը նշել է, որ պետական մարմինների կարևորագույն խնդիրն է պաշտպանել սահմանադրական կարգը, ապահովել կառավարման համակարգի բնականոն գործունեությունն ու քաղաքացիների անվտանգությունը:
Միաժամանակ, Մինսկի կենտրոնում կեսօրին նորից կենտրոնացվել են անվտանգության աշխատակիցները: Այստեղ տեղի է ունեցել համերաշխության ակցիա ընդդեմ իրավապահների կողմից կիրառվող բռնության:
Բողոքի ցույցեր են անցկացվել նաև Բելառուսի 25 քաղաքում: Ըստ լրատվամիջոցների՝ ձերբակալվել է հազարից ավելի ցուցարար, իսկ իրավապահների հետ բախումների ժամանակ վիրավորվել է 51 ակտիվիստ և ուժային կառույցի 14 աշխատակից:
Եվրամիությունն էլ Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները պաշտոնապես հայտարարել է ոչ ազատ ու անարդար: ԵՄ իշխանություններն ուսումնասիրում են ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար պատասխանատու անձանց նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: