Թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարաձգման մտահղացմամբ մտահոգված չենք։ Թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժության մասին «Sputnik Արմենիայի» հարցին այսպես է պատասխանել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի մարտական պատրաստության բաղադրիչից, պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ են դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»,- ասել է Ստեփանյանը։
Այսօր հայտնի է դարձել, որ հուլիսի 29-ին մեկնարկած և մինչև օգոստոսի 10-ը տևող թուրք-ադրբեջանական զորավարժությունները երկարաձգվել են։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ օգոստոսի 12-ին Ադրբեջան են ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և բարձրաստիճան այլ սպաներ:
Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի մարտական հրաձգության համատեղ մարտավարական և թռիչքային-մարտավարական զորավարժությունների շրջանակում թուրքական ռազմական պատվիրակությունը ընդլայնված կազմով կհետևի զորավարժությունների առաջին փուլի եզրափակիչ դրվագին: