Բասենցի Մարտիկյանների տանն իսկական տոն է, միանգամից աչքալուսի երկու սեղան են գցել՝ դրսում էլ, վթարային կառույցի ներսում էլ։ Տունը տուժել էր երկրաշարժից, մի մասը փլվել էր, Սուսաննա Մարտիկյանի տագոր տղան էլ մնացել էր փլատակների տակ, մահացել։ 7 հոգով չորրորդ աստիճանի վթարային կառույցում ապրել այլևս անհնար էր։
32 տարի լավով ու վատով ապրեցին այստեղ՝ սպասելով պետական բնակարանաշինությանը։ Այն այսօր մեկնարկեց, վթարային կառույցից քիչ այն կողմ նոր սեփական տան հիմքերն են գցվում։ Շինաշխատանքներին ընդգրկված է նաև Մարտիկյանների որդին․ նա ոչ միայն կվերահսկի շինարարությունը, այլև ժամանակավոր զբաղվածություն կունենա և աշխատավարձ կստանա։ Ծրագիրն իրականացվում է Ֆուլեր տնաշինական կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպության հետ` գյուղական անօթևան 55 ընտանիքի համար։
Ընկերությունը նախորդ տարի Լոռիում տանտերերի հետ վերականգնել է 105 կիսակառույց բնակարան։ Ձեռք բերված այդ փորձը հիմա ներդրվում է Շիրակում։ Եռաստիճան վերահսկողություն է իրականացվում կառուցելու ամուր, սեյսմակայուն և պահանջված չոփորոշիչներով սեփական տներ,- հավելում է Շիրակի մարզպետը։ Մարզի գյուղերում 2020 թ-ի սկզբի դրությամբ 140 շահառու ընտանիք կար։ Նրանց շրջանում իրականացված հարցման արդյունքում որոշվել է, որ 55-ի համար տուն են կառուցում, իսկ մնացածին տրամադրել են բնակարանի գնման վկայագիր։
Ըստ ժամանակացույցի՝ մինչև նոյեմբերի մեկը ԲԳՎ-ով բնակարան պետք է գնեն գյուղերի անօթևան վերջին ընտանիքները։ Այսպիսիով` երկարաշարժից 32 տարի անց պետությունն իր պարտավորությունը գյուղերում ապրող անօթևան ընտանիքների նկատմամբ կհամարի կատարած։