Երիտասարդական քայլարշավներ ու համերգային ծրագրեր այս տարի Գյումրիում չկան։ Փոխարենն աշխույժ մթնոլորտ է քաղաքի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում։ Տոնին նվիրված որևէ միջոցառում պետք է դուրս չմնա օրակարգից։ Ամեն ինչ առցանց հարթակում է։ Ուղերձ տեսանյութերի մրցույթն արդեն հայտարաված է՝ ով ավելի ինքնատիպ շնորհավորի, նա էլ կհաղթի մրցույթում։
Գունեղ համերգային փառատոն էր նախատեսված կազմակերպել Գյումրու Վարդանանց հրապարակում, բայց երիտասարդները վստահ են՝ պարային ֆլեշմոբը պակաս տպավորիչ չի լինի առցանց հարթակում։
Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը երկու հետաքրքիր նախաձեռնությունով էլ է հանդես գալիս՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ միասին։ Ակտիվ եւ նախաձեռնող երիտասարդները ցուցապաստառներով զարդարել են քաղաքի փողոցները, մուտքից մինչև հրապարակ։
Մյուս տպավորիչ նախաձեռնությամբ վճարովի պրակտիկայի հնարավորություն են ստանում այն երիտասարդները, որոնք փորձ չունեն և աշխատանք են փնտրում։
Մրցույթի մասին հայտարարությունն առցանց հարթակում է և դարձյալ կներգրավվեն լավագույնները։ Գործատուների շրջանակը հայտնի է։ Մնում է ընտրել այն 15 լավագույնին, որոնք մինչեւ փետրվար կվճարվեն պրակտիկայի համար, ձեռք կբերեն փորձ և աշխատանք։