Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց, թե արդյոք դիմակի կրման պահանջի մեղմացումներ չե՞ն նախատեսվի գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների համար:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շեշտեց, որ որոշ հանրային բաց տարածքներում դիմակի կրման պայմանի վերանայումը քննարկելու են, և այդ հարցը ևս կքննարկեն:
Անդրադառնալով հարցին, թե պարետատունը ի՞նչ աշխատանք է տարել ԵՄ երկրների հետ, որպեսզի Հայաստանը դուրս բերվի ռիսկային երկրների ցանկից, և ՀՀ բացասական թեստ ունեցող քաղաքացիներին հնարավորություն տրվի եվրոպական երկիր մեկնել, Ավինյանն ասաց, որ լուծումն ընդհանուր առմամբ թվերի դրական դինամիկայից է կախված:
«Լուծումն այս առումով այն է, որ մեր դեպքերն օրեցօր ավելի ու ավելի նվազ գրանցվեն և, կարծում եմ՝ սա է այն ճանապարհը, որ կլուծի այդ հարցը, և անհատական որևէ բանակցությունների կարիք չի լինի»,- ասաց Ավինյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե արդյոք զինվորները ծնողներին տեսակցելու հնարավորություն կունենա՞ն և արդյոք զինվորներին հնարավորություն կտրվի՞ արձակուրդի հնարավորությունից օգտվել: Ավինյանը նշեց, որ պաշտպանության նախարարի հետ կքննարկեն, բայց, կարծում է, որ այս փուլում էական փոփոխություններ Զինված ուժերում և այնտեղ հայտարարված կարանտինի հետ կապված չեն սպասվում:
«Դրական դինամիկան պահպանվելու պարագայում որոշակի մեղմացումներ հնարավոր կլինի իրականացնել»,- ասաց Ավինյանը: