Օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելել է Կարճաղբյուր, Ակունք և Վարդենիս համայնքների շինհրապարակներ՝ դիտարկելու սուբվենցիոն կամ այլ ծրագրերով իրականացվող շինարարությունների ընթացքը: Կարճաղբյուր համայնքում Գնել Սանոսյանը եղել է թիվ 3-րդ և 15-րդ փողոցներում, որտեղ արդեն ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները:
Ինչպես ներկայացրել է Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 48 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Կարճաղբյուրի համայնքապետարանը: Ըստ համայնքի ղեկավարի՝ այս աշխատանքների իրականացմամբ ամբողջանում է գյուղի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը, որը կատարվել է նախորդ տարիների ընթացքում, մի քանի փուլերով:
870 գծամետր ասֆալտապատում է արվել կենտրոնական փողոցում: Եվս 180 գծամետր երկարությամբ ասֆալտապատվել է գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը: Շինաշխատանքներն ավարտված են մոտ 90 տոկոսով: Մարզպետը շինարարության ոչ բավարար որակի շուրջ արել է համապատասխան դիտողություններ՝ հրահանգելով շտկել նկատված թերությունները և կարգավորել շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
Ակունքում Գնել Սանոսյանն այցելել է մշակույթի տուն և զբոսայգի, որտեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են շինարարական աշխատանքներ: Ինչպես ներկայացրել է Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանը, Ակունքի մշակույթի տան բակի պուրակի բարեկարգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է 12 միլիոն 736 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 5 միլիոն 731 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 7 միլիոն դրամը՝ Ակունքի համայնքապետարանը:
Ակունքի արարողությունների սրահի հիմնման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 9 միլիոն 300 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 4 միլիոն 185 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 5 միլիոն 115 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը: Մշակույթի տան բակի պուրակում տեղադրվում են եզրաքարեր և հուշաքարեր, նստարաններ, կատարվում է սալիկապատում: Արարողությունների սրահը հիմնվում է մշակույթի տան շենքի տարածքում: Հատկացված գումարի շրջանակում այստեղ իրականացվում է ներքին հարդարման և վերակառուցման աշխատանքներ:
Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի կեսերից և կավարտվեն այս տարվա ընթացքում: Ակունքի Բարեկամություն և Շահումյան փողոցների հատվածների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 13 միլիոն 159 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 7 միլիոն 895 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 263 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի առաջիկայում: Բարեկամություն փողոցի մի հատվածը կասֆալտապատվի 246, Շահումյան փողոցի մի հատվածը՝ 120 գծամետր երկարությամբ:
Մարզպետն Ակունք համայնքի ղեկավարի հետ քննարկեց Ակունքի բուժամբուլատորիան նոր շենք տեղափոխելու խնդիրը: «Ակունքի բուժամբուլատորիան գործում է Ակունքի դպրոցի շենքի տարածքում, ինչն արդեն դառնում է անհնարին կամ անթույլատրելի համավարակի տարածման վտանգի պայմաններում: Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի ամենասեղմ ժամկետներում կարողանանք բուժամբուլատորիան տեղափոխել համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող շենքի տարածք, որտեղ պետք է իրականացնենք հիմնանորոգման աշխատանքներ»,- ներկայացրել է Գնել Սանոսյանը:
Վարդենիս քաղաքում մարզպետն այցելել է Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգի, որտեղ ընթանում են ներառական նոր խաղահրապարակի կառուցման աշխատանքները: Ինչպես ներկայացրել է համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, ծրագիրն իրականացվում է Վարդենիսի համայնքապետարանի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և «ԱԿԲԱ» բանկի համագործակցությամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են մի քանի օր առաջ և ավարտին կհասցվեն առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում:
«Այս ծրագիրն ամբողջացնում է Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու վերակառուցման ու բարեկարգման գործընթացը, որն սկսվել էր նախորդ տարվա ընթացքում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Վարդենիսի ներառական խաղահրապարակն իր բովանդակությամբ երկրորդն է Հայաստանում: Մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու զբոսայգին ավելի բարետես, ավելի ժամանակակից դարձնելու խնդիրը»,- ներկայացրել է Վարդենիս համայնքի ղեկավարը:
Այցի շուրջ իր տպավորություններով կիսվել է Գնել Սանոսյանը. «Կարճաղբյուրում մեզ չգոհացրեց շինարարության որակը: Շինարարին ցուցում է տրված՝ հնարավորինս արագ շտկելու թերությունները: Առիթից օգտվելով՝ ուզում եմ զգուշացնել շինարարներին, որ ոչ մի անորակ շինարարություն մեր տեսադաշտից դուրս չի մնա, դրա դիմաց վճարում չի կատարվի: Ուստի կոչ եմ անում՝ աշխատանքներն իրականացնել միայն նախագծին ու սահմանված չափորոշիչներին համապատասխան: Ակունքում և Վարդենիսի քաղաքային զբոսայգում իրականացվող աշխատանքները գոհացուցիչ ընթացք ցույց տվեցին»,- նշել է մարզպետ Գնել Սանոսյանը: