Հավաքական թիմերի մարզական կենտրոնը երկու ամիս առաջ վերադարձվեց պետությանը, բայց երկու ամիս է շենքը դեռ բուն նպատակին չի ծառայում։ Նախկին վարձակալից հետո 8000 քմ տարածքով շենք-շինություններն անմխիթար վիճակում են, կենտրոնի հաշիվները կալանքի տակ են, իրավապահներն էլ են փորձում են պարզել, թե որտեղ է նախկին տնօրեն Յուրա Բեգլարյանը՝ Գագիկ Բեգլարյանի եղբայրը։
Անկողպեք մնացած դռներով սենյակները նախկինում մարզիկների հանգստի համար են նախատեսված եղել՝ պատմում է ներկայիս ղեկավարն ու ասում՝ վերջին տարիներին, իր տեղեկություններով, դրանք ծառայել են որպես հյուրանոցի համարներ։ Թե ու՞մ է պատկանում ներսում գտնվող գույքը, դա դեռ կպարզեն, իսկ իրավապահներն արդեն պարզել են, որ 2001-ից այստեղ տնօրեն աշխատած Բեգլարյանը տարածքում հյուրանոց ու սրճարան է հիմնել մի ընկերության միջոցով, որի 100 տոկոս բաժնեմասը պատկանել է հենց իրեն։ Սրճարանի վերածված մարզական դպրոցն էլ Արայիկ Հակոբյանը ցույց տվեց։ Այստեղ ամեն ինչ հարմարեցված է, անգամ թոնիր կա։
Հավաքական թիմերի մարզական կենտրոնը պետությանը հետ եկավ ամիսներ տևած գործընթացից հետո։ Փաստաթղթերն ուսումնասիրելիս պետգույքի կոմիտեում հասկացել էին՝ ոչ միայն պայմանագիրն է ի վնաս պետության, այլև շահերի բախում կա։ Պարզվում է, որ Յուրի Բեգլարյանը, որպես տնօրեն, 2007 թվականին պայմանագիր է կնքել իր կնոջը պատկանող Օլիպիական ապագա ընկերության հետ ու տարածքն ամբողջությամբ վարձակալության է տվել նրան։ Բացի այդ, ըստ նույն պայմանագրի, վարձակալն իրավունք ուներ 3 տարի անց այդ ամբողջ տարածքը գնել ընդամենը 54 միլիոն դրամով։ Մինչդեռ դրա շուկայական արժեքը մի քանի անգամ ավելին է,- ասում է Նարեկ Բաբայանը։
Կենտրոնը երկու մեծ սպորտային դահլիճ ունի, երկուսում էլ ժամանակին սպորտային կյանքը եռացել է։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հույս ունի, որ հավաքականներն այստեղ նորից ակտիվ ելումուտ կանեն, մարզական միջոցառումներ կկազմակերպվեն, բայց նկատում է՝ դրա համար ֆինանասական միջոցներ են պետք։ Վերանորոգման կարիք կա, տանիքը վատ վիճակում է, ջեռուցման համակարգը չի աշխատում, գույքն էլ մաշված է։
Պոտենցյալ ներդրողների հետ այժմ քննարկում են իրականացնում՝ հայտնեց Բաբայանը, տարածքը վարձակալության կտան ու, ըստ ամենայնի, այն կծառայի որպես մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման կենտրոն։
Կենտրոնի նախկին տնօրենն այժմ հետախուզման մեջ է, նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու ու ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։ Յուրի Բեգլարյանի պաշտպան Անի Վարդապետյանի հետ զրույցել ևս չստացվեց. փաստաբանը, պատճառաբանելով գտնվելու վայրի անհարմարությունը, խոստացավ զանգահարել, բայց կապի այդպես էլ դուրս չեկավ։