«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ազգային ժողովի հատուկ նիստի մտքերի փոխանակման ժամանակ նշեց, որ հինգերորդ անգամ կառավարությունը ներկայացնում է արտակարգ դրությունը երկարացնելու առաջարկ, սակայն պատգամավորն ընդգծեց, որ արտակարգ դրությունը երկարաձգելու հիմք չկա, և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նպատակահարմար չի գտնում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին որոշումը:
««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու մեր գործընկերների քիչ հետո կայացվելիք որոշման նախագծին՝ չերկարացնել արտակարգ դրությունը: Հարգաժան պարո՛ն փոխվարչապետ, կարծում ենք, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը, որում պատրաստվում էիք փոփոխություն կատարել, որը մի պահ, կարծես, դրվեց e-draft-ում, քննարկումներ եղան: Այն սահմանափակումների մեղմացումը, ինչը Դուք ամբիոնից ներկայացրեցիք, միանշանակ հնարավոր էր անել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում ընդամենը մի քանի փոփոխություն անելով և չերկարացնելով արտակարգ դրությունը»,- ասաց պատգամավորը:
Զոհրաբյանը շեշտեց՝ օրենքում փոփոխություն անելը լիովին բավարար էր արտակարգ դրությունը չերկարաձգելու համար: