Արտակարգ դրության հինգերորդ անընդմեջ երկարացմանն իրավունքի ուժով հաջորդեց Ազգային ժողովի հատուկ նիստը: Մեկնարկին Արարատ Միրզոյանն ազդարարեց՝ պատգամավորներն ունեն հնարավություն վերացնել արտակարգ դրության ռեժիմն ամբողջությամբ կամ որոշման առանձին դրույթները:
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց, թե ինչ սահմանափակումներ են վերացվում: Ի լրումն կառավարության նիստում հնչած ցանկի, նշվեց, որ մոտակա օրերին պարետատունը չեղյալ կհայտարարի սեփական մեքենայում դիմակ կրելու պարտադրանքը: Քաղաքացիները դիմակներից հրաժարվելու հնարավորություն կունենան նաև բնության գրկում: Սակայն դիմակն անհրաժեշտ կլինի կրել հանրային տրանսպորտում: Կվերաբացվեն գրադարանները և թանգարանները:
Պարետատունը որոշել է թույլատրել ընտանեկան արարողությունների և ժամանցային միջոցառումների անցկացումը մինչը 40 հոգու մասնակցությամբ նախկին 5-ի փոխարեն: Տիգրան Ավինյանի համոզմամբ՝ թվերը վկայում են՝ սահմանափակումները տվել են ցանկալի արդյունք: Տեսչական մարմինների ստուգումների վիճակագրությունը ցույց է տալիս՝ խախտումների քանակը զգալի նվազել է: Դրա հետ մեկտեղ, այլ պետությունների փորձը ապացուցում է՝ իրավիճակը կարող է փոխվել օրերի ընթացքում: Այդ իսկ պատճառով որոշել են հիմնվել երկու սկզբունքի վրա:
Թվում էր՝ բոլոր հնարավոր իրավիճակները քննարկվել էին և տրվել էին բոլոր հարցերը: Սակայն պարետից տեղեկություն ստանալու ցանկություն ունեցող պատգամավորների պակաս չզգացվեց: Բանակցու՞մ է արդյոք կառավարությունը ռուս և վրացի գործընկերների հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ, հետաքրքրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Սահմանների բացումը կախված է ոչ միայն Հայաստանից: Օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը Հայաստան հանվել է: Յուրաքանչյուր մարդ, որը կժամանի մեր երկիր, կամ պետք է 14 օր ինքնամեկուսանա, կամ ՊՇՌ թեստ հանձնի, ինչի բացասական պատասխանից հետո կարող է տեղաշարժվել առանց սահմանափակման:
Պարետատունը այժմ քննարկում է ԲՈՒՀ-երի վերաբացման հարցը: Վերջնական որոշում դեռ չկա:
Եթե իշխող «Իմ քայլը» և պարետատունը համոզված էին, որ անհրաժեշտ է երկարացնել արտակարգ դրությունը, ընդդիմությունն ուներ ուղիղ հակառակ դիրքորոշումը: Արտակարգ իրավիճակի մասին օրենքը որոշ փոփոխություններով թույլ կտար նույն սահմանափակումները կիրառել ինչ այժմ, հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Ազգային ժողովի մյուս ընդդիմադիր ուժը՝ «Լուսավոր Հայաստանը», ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկեց արտակարգ դրությունը Հայաստանում չեղյալ հայտարարել: Հիմնավորումը նույնն էր: Ընդդիմության փաստարկների հետ պարետը համամիտ չէր: Արտակարգ դրության ռեժիմը որևէ կերպ չի ազդում այս կամ այն պետության որոշման վրա՝ բացել Հայաստանի հետ օդային հաղորդակցությունը:
«Լուսավոր Հայաստանի» նախագիծը քննարկման դրվեց և պատգամավորների ձայների մեծամասնությամբ մերժվեց: Հայաստանում արտակարգ դրությունը կգործի ևս մեկ ամիս: