Ազգային ժողովի հատուկ նիստում քննարկվեց կառավարության նիստում ընդունված՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը: Նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արտակարգ դրությունը վերացնելու վերաբերյալ որոշման նախագիծ էր ներկայացրել, որը քվեարկությամբ մերժվեց 22 կողմ և 68 դեմ ձայներով:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը տարբերվում է այլ ճգնաժամերից իր բարդությամբ և խորությամբ: Ընդգծեց, որ ամբողջ աշխարհում ճգնաժամ է առաջացել ոչ միայն պահանջարկի շուկայում, այլև առաջարկի, աշխատանքի շուկայում:
«Երբ փորձ է արվում բոլոր խնդիրները կապել արտակարգ դրության ռեժիմի հետ, ուզում եմ ձեզ վստահեցնել, սիրելի՛ հայրենակիցներ, որ դա բացարձակապես իրականության հետ աղերս չունեցող փաստարկ է»,- ասաց Ավինյանը:
Փոխվարչապետը շեշտեց, որ արտակարգ դրության ռեժիմով սահմանված են որոշակի սահմանափակումներ, որոնք ազդում են տնտեսական որոշ գործունեության տեսակների վրա և այդ գործունեության տեսակներին փորձում են նաև աջակցություն տրամադրել կառավարության տարբեր որոշումներով:
Ավինյանը նաև վստահեցրեց, որ եթե նույնիսկ այսօր արտակարգ դրության ռեժիմը չեղարկվեր ընդդիմադիր գործընկերների առաջարկով, տնտեսական գործունեության այն տեսակները, որոնք առաջնային թիրախ են եղել այդ ճգնաժամից, դրանից չեն վերականգնվելու:
«Ո՛չ հյուրանոցներում են ավել տուրիստներ գալու, ո՛չ ռեստորաններում են ավել տուրիստներ գալու, այսինքն՝ այս ամբողջական շղթան միասին փոխկապակցված է և արտակարգ դրության ռեժիմի հետ ունի այնքան աղերս, որքան արտակարգ դրության ռեժիմն ունի որևէ կարգավորման հետ այդ ոլորտներում»,- ասաց Ավինյանը:
Նա նշեց, որ կանոնների պահպանումը բխում է քաղաքացիների շահերից, և արտակարգ դրության ռեժմի երկարաձգումն արվում է այն պատճառով, քանի որ դեռևս բնակչության առողջությանը սպառնացող սպառնալիքը չի վերացել:
Ավինյանը շեշտեց՝ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը ստեղծված իրավիճակում փաստացի իրավական լավագույն լուծումն է: