Երկրի սահմանների բացումը ոչ միայն ՀՀ կառավարության որոշման, այլև մեր գործընկերների հետ քննարկելու հարց է: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանի հարցին:
«Մենք քննարկում ենք օդային կանոնավոր հաղորդակցության վերաբացման հարցը ՌԴ-ի հետ, կան երկկողմ բանակցություններ: Իսկ ցամաքային սահմանների բացման հարցի վերաբերյալ դեռևս քննարկումներ չկան ո՛չ վրացի, ո՛չ իրանցի գործընկերների հետ, շարունակում է պահպանվել նույն ռեժիմը»,- ասաց Ավինյանը:
Պարետը նշեց, որ գործող սահամանափակումներով՝ օգոստոսի առաջին 10 օրերին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան է ժամանել շուրջ 4500 ուղևոր, այսինքն՝ օրական ուղևորահոսքի միջին թիվը կազմել է շուրջ 450 ուղևոր: Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով նույն ժամանակահատվածում ժամանող ուղևորների քանակը կազմել է շուրջ 500 հոգի՝ իրականացված 3 չվերթով: