Ազգային ժողովում գամարված հատուկ նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց արտակարգ դրության երկարաձգման նախագիծը, որով մի շարք սահմանափակումներ են հանվում:
«Այս փուլում մեր մարտավարությունը խարսխվում է երկու առանցքային սկզբունքի վրա. առաջինը՝ սովորել ապրել նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում և հնարավորինս վերադառնալ բնականոն կենսագործունեությանը, և երկրորդ՝ նոր իրականության բերումով սանիտարահամաճարակային կանոններն ու նորմերը դարձնել վարքագծային կանոններ»,- նշեց արտակարգ դրության պարետը:
Ավինյանը նշեց, որ վերանայվել է նաև թեստավորման մարտավարությունը: Եթե նախկինում այն իրականցվում էր բարձր ռիսկի գոտում գտնվող անձանց խմբերում կամ առավելապես պահանջարկի հիման վրա, այժմ ընդլայնվել են ռիսկային խմբերը և Առողջապահության նախարարությունը սելեկտիվ թեստավորում է իրականացնում այդ խմբերում: Փոխվարչապետը հայտնեց նաև, որ պարետատունը մշակել է համավարակի հաղթահարման պլան, որն ուղենշային և խորհրդատվական դեր ունի կառավարման հետագա գործողությունների համար: Նաև առանձին ոլորտային պլաններ են մշակվել:
Փոխվարչապետը նշեց, որ մի շարք փոփոխություններ են արվել արտակարգ դրության որոշման մեջ.
«Այսուհետ թույլատրվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը՝ որոշակի կանոնների պահպանմամբ՝ մասնավորապես անհրաժեշտ է դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր։ Որևէ քանակային կամ ժամային այլ սահմանափակումներ այս առումով նախատեսված չեն:
Երկրորդ՝ հստակեցումներ են արվել ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումների հետ կապված: Թույլատրվում է դրանց կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում՝ պահպանելով պարետի կողմից ներկայացված անվտանգության կանոնները: Մասնակցության սահմանափակում է կիրառվել ոչ ավելի, քան 40 հոգու, նախկին հինգ հոգու փոխարեն։ Ընտանեկան արարողություններ են համարվում տոնական և հիշատակի արարողությունները՝ ներառյալ տարեդարձի, հարսանյաց, նշանադրության, հոգեհանգստի, հուղարկավորության արարողությունները: Ժամանցային բնույթի միջոցառումների մասով հստակեցում է մտցվել և այս դրույթի կարգավորման ՛շրջանակից դուրս են բերվել տնտեսական գործունեություն համարվող թատերահամերգային և այլ նշանակություն ունեցող միջոցառումները, որոնց մասով կարգավորումներն ու կանոնները սահմանվելու են պարետի որոշումով:
Հանվել է օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը, բայց ցամաքային ճանապարհով այն շարունակում է գործել: Միաժամանակ օտարերկրացիների համար ժամանակավորապես հանվել է սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը և կարող են ժամանել արտերկրի մեր դիվանագիտական ներկայացուցչություններում տրված վիզայի հիման վրա:
ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի իրականացվում հոսպիտալացում, ապա անձը 14 օր ինքնամեկուսանում է, սակայն նորամուծություն կա, 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել թեստ, և բացասական արդյունքի դեպքում կարող է դուրս գալ ինքնամեկուսացումից»,- նշեց Ավինյանը՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 15-ից դպրոցները կվերսկսեն ուսուցումը՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, իսկ բուհերի մասով որոշումը կկայացվի շուտով:
Գրադարաններն ու թանգարանները առաջիկայում կվերաբացվեն՝ կրկին հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որի մասին ուղեցույցը կհրապարակվի շուտով:
«Ինչ վերաբերում է թատերահամերգային և մշակութային միջոցառումներին, ապա այս փուլում նախատեսվում է դրանց միայն բացօթյա գործունեությունը: Այս փոփոխությունները կարող են ընդգրկել նաև անհատ կատարողներին: Խոսքս ռեստորանային և միջոցառումային ասպարեզում երգիչ-երգչուհիներին, երաժիշտներին և այլ գործիչներին է վերաբերում, որոնք հնարավորություն կստանան բացառապես բացօթյա հատվածներում և սահմանված կանոնների պահպանմամբ իրականացնել իրենց գործունեությունը»,- նշեց Ավինյանը: