Աշնակցի Հովհաննիսյանների հյուրընկալ տունն արդեն երկու տարի է՝ պաշտոնապես հյուրատուն է դարձել։ Սորբոնի համալսարանում տուրիզմի զարգացման էկոնոմիկայի գաղտնիքները յուրացրած Անին՝ ընտանիքի դուստրը, մերժելով Եվրոպայում աշխատելու տարբեր առաջարկները, հեղափոխությունից հետո վերադարձավ տուն և հայրենի Աշնակը զարգացնելու ծրագիր մշակեց։
Անի Հովհաննիսյան - Մի բան էին մեզ սովորեցնում՝ պետք է աշխատել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա, այսինքն՝ Եվրոպայում ես կլինեի փոխարինելի․ այնտեղ այնքան զարգացած է, որ գիտելիքներս չէր կարող ներդնել, իսկ այստեղ կարող էի, և ստեղծեցի մի բան, որի կարիքը կա։
Ընկերուհին՝ Չինաստանում սովորած Գայանեն, որը նույնպես մերժել է գայթակղիչ առաջարկներն ու վերադարձել Հայաստան, Անիի հետ անցել է գործի։ Պարզել են՝ Թալինում զբոսաշրջային կենտրոններ գրեթե չկան։ Հասկացել են՝ ինչից պետք է սկսել։ Հյուրատուն են դարձրել Անիի պապական տունը, որտեղ գյուղական կենցաղավարության հիմնական նրբությունները պահպանվել են։ Ընտանիքն օգնել է՝ ինչով կարողացել է։ Հայրն ընկերների հետ տաղավարն է կառուցել, տունը վերանորոգել, գյուղի երիտասարդները պատերն են նկարազարդել, մայրը, հորաքույրն ու հարևանուհին ստանձնել են խոհանոցի գործերը։
Անի Հովհաննիսյան - Շուկայականից մի քիչ ցածր ենք վճարել, բայց վճարել ենք: Մեզ համար կարևոր էր նաև ոչ թե ծանոթներին շահագործել, այլ մի թիմ լինել, աշխատել ու վճարել բոլորին: Մենք էլ ենք վարձատրվում, որովհետև, երբ մեծ խմբեր են գալիս, մենք ենք մատուցում։
Տարածքը լուսավորելու համար աղջիկներն օգտագործել են արևի էներգիան։ Համայնք են ներմուծել նաև աղբի տեսակավորման մշակույթը։ Իսկ աստղադիտակը, որ ձեռք են բերել հյուրերի խնդրանքով, Աշնակի աստղազարդ երկինքով զարմացնելու համար է։ Գյուղաբնակների կյանքը փոխելու և գյուղական տուրիզմի ոլորտում իրենց ներդրումն ունենալու ցանկությունն այնքան մեծ է եղել, որ ընկերուհիները ծրագիրը ձախողելու տարբերակը չեն էլ քննարկել։
Անի Հովհաննիսյան - Երբեք չենք մտածել՝ բա որ ձախողվի... Անում ենք, եթե ինչ-որ բան չստացվի՝ փորձառություն կլինի։ Մտածելակերպ ունենք՝ չկա ձախողել․ միշտ մի բան ստացվում է։
Վարակի պատճառով այս տարի արտերկրից հյուրեր չկան, իսկ անցած տարի մոտ 300 զբոսաշրջիկ է այցելել 12 երկրից։ Ծանոթացել են Աշնակին ու Սասնա մշակույթին, ապրել գյուղի կենցաղով, համտեսել Սասունի կերակուրները․․․ Աղջիկները ձգտում են տուրիզմի միջոցով նաև մշակութային երկխոսություն սկսել։ Ասում են՝ արտասահմանցին այստեղից պետք է գնա հայկական ինչ-որ բան հետը տանելով։
Գայանե Մալիշենկո - Ունի առաքելություն՝ Սասուն գավառի ավանդույթները վերակենդանացնել, հասցնել հանրությունը, ունենք Սասնա ուտելիքներ, վարպետաց դասեր ենք անում:
Անցած տարի, երբ համայնքը հյուրերի պակաս չուներ, կյանքը եռում էր։ Պասիվ առօրյան արդեն հետաքրքիր չէ աշնակցուն։
Պանրի տեսականին գյուղի կանայք են պատրաստել՝ «Ֆերմայից ֆերմա» ծրագրով։ Անին ու Գայանեն, որ ջանում են օգնել գյուղացու արտադրած մթերքի իրացման հարցում, նաև հոգացել են, որ ամերիկյան ծրագիրը Աշնակ մտնի ու գյուղի կանանց սովորեցնի պանրի մրցունակ տեսակներ պատրաստելու գաղտինքը։
Գայանե Մալիշենկո - Ունեցել ենք զբոսաշրջիկներ, որոնք պանրակեր էին, ոչ մի կիլոգրամ պանիր դրսից չենք գնել, ամենը ձեռք ենք բերել գյուղից, նաև կաթնամթերքը:
Հյուրատան այգում, որտեղ հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր մրգերն աճում են, աղջիկները 25 նշի ծառ են տնկել ու հյուրատունն այդպես էլ կոչել՝ Նուշ։ Միայն թե նշենիներն ու մնացած ծառերը ծարավից խեղճանում են։ Աշնակում ոռոգման և խմելու ջրի խնդիրը բավականին լուրջ է։ Օրական 2 ժամ են ջուր տալիս, իսկ եթե այնպես է լինում, որ ջրի պակասը նաև հյուրերն են նկատում՝ աղջիկները արդարացում գտնում են, ասում են՝ գյուղական կոլորիտն է պահանջում։