ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ հատուկ նիստում խմբակցության անունից ներկայացրեց ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում է արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետությունում չեղարկել:
«Նոր մեղմացումների և ունեցած իրավիճակի առումով գտնում ենք, որ այս ռեժիմի պահպանումը շարունակելն անիմաստ է: Որովհետև միայն հանգամանքը, որ ՀՀ-ն արտակարգ դրության իրավական ռեժիմի մեջ է, բազմաթիվ սահմանափակումների տեղիք է տալիս Հայաստանից դուրս եկող քաղաքացիների համար, Հայաստան եկող կանոնավոր չվեթները չեն վերականգնվում այդ պատճառով»,- ասաց Մարուքյանը:
Խմբակցության ղեկավարն առաջարկեց բաց տարածքներում ընդհանրապես հանել դիմակների կրման սահմանափակումը, իսկ փակ տարածքներում՝ պահպանել, հետևել սոցիալական հեռավորությանը, հիգիենային:
«Ինչ վերաբերում է ինքնամեկուսացմանը, որ ասվում է՝ ԱԴ-ի ռեժիմի հանման արդյունքում չենք կարող ինքնամեկուսացման ռեժիմի գնալ, առաջարկում եմ, ունենք նման իրավակարգավորում. երբ մարդ գիտի, որ վարակակիր է և գիտակցաբար վարակում է այլ մարդկանց, նա պատասխանատվության է ենթարկվում:
Հետևաբար, առանց արտակարգ դրության ռեժիմի կարելի է մարդուն ծանուցել, որ դու վարակակիր ես, ինքնամեկուսացիր: Եթե այդ մարդը դուրս կգա և կվարակի, հետևաբար, դա հետապնդվում է համապատասխան օրենքով»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ խմբակցությունն առաջարկում է խորհրդարանին չեղարկել արտակարգ դրության երկարաձգման մասին որոշումը, որի արդյունքում Կառավարությունը ստիպված կլինի գալ խորհրդարան, պատրաստել ու ընդունել նոր օրենսդրական փաթեթներ:
Խորհրդարանը, սակայն, համամիտ չէր Մարուքյանի հետ: Նախագիծը մերժվեց 22 կողմ և 68 դեմ ձայներով;