Այսօր Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում մեկ հարց է՝ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին:
Կառավարության նիստի մեկնարկին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զեկուցեց երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին:
Նախարարը նշեց, որ կատարված 1710 հետազոտությունից ունենք 201 նոր դեպք, ինչը տեղավորվում է նույն միտման շրջանակում: «Այսինքն՝ յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես 50-100-ով ցածր կլինի, քան նախորդ շաբաթ նույն օրը արձանագրված դեպքերը:
Ունենք ռեալ հնարավորություն՝ այս թվերը նվազեցնելու: Ունենք նաև բավական թեթև վիճակ հիվանդանոցային համակարգում՝ թե՛ սովորական, թե՛ ռեանիմացիոն մահճակալների մասով, ինչպես նաև ունենք ցածր թվեր ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների մասով, որը դեռ տատանվում է 300-ի շրջանակում, այս միտումն ավելի փոքր տեմպերով է իջնում, որովհետև ռեանիմացիոն հիվանդները շատ երկար են պառկում վերակենդանացման բաժանմունքներում:
Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ հաղթահարման փուլը շարունակվում է, և մեր ջանքերը՝ մեր դրած կանոններին հետևելու իմաստով, իր արդյունքները տալիս են, և հույս ունենք, որ նվազման տեմպը կշարունակվի»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ օրական զրոյի հասնելը դժվար է լինելու, բայց 50-100-ի շրջանակում նոր դեպքերը պահելը պետք է, հավանաբար, դառնա ընդունելի: