Համավարակի օրերին աշխատանքային միգրանտներից շատերը երկրներում մուտքի ու ելքի սահմանափակումների պատճառով խնդրի առջև կանգնեցին: Միգրացիոն ծառայությունը և այլ պետական մարմիններ բազմաթիվ դիմում-բողոքներ են ստացել, օրինակ, Ռուսաստանի Դաշնություն մեկնող աշխատանքային միգրանտներից: 1lurer.am-ի հետ զրույցում Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը նշեց, որ սահմանային սահմանափակումների հետ կապված՝ հանրության շրջանում որոշակի թյուրըմբռնում կա: Նա շեշտեց, որ Հայաստանում արտակարգ դրության երկարաձգմամբ պայմանավորված սահմանափակումները որևէ կերպ չեն ազդում Հայաստանի քաղաքացիների ելքի վրա:
«ՀՀ քաղաքացիների ելքն ապահովված է, և արտակարգ դրության երկարացումն էլի չի անդրադառնում այդ ելքի թույլտվության վրա: Այլ հարց է, որ ընդունող երկիրը, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի Դաշնությունը, խիստ սահմանափակումներ է կիրառում՝ պայմանավորված համաճարակով: ՀՀ քաղաքացիները Ռուսաստանի համար օտարերկրյա քաղաքացիներ են, և Դաշնությունը թույլ չի տալիս մուտքն իրենց երկիր»,- ասաց ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:
Դավթյանը նշեց, որ կան որոշակի թիրախային խմբեր, որոնք կարող են մուտք գործել: Օրինակ՝ այն մարդիկ, որոնք Ռուսաստանի Դաշնությունում ունեն օրինական կացության իրավունք:
«Հայաստանի պես Ռուսաստանի Դաշնություն կարող են մուտք գործել իրենց քաղաքացիները և տվյալ մարդկանց՝ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամները, նույն կերպ նաև Հայաստան կարող են վերադառնալ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, որոնք ՀՀ քաղաքացի չեն»,- ասաց Դավթյանը:
Նա ընդգծեց, որ աշխատանքային միգրանտները պետք է նկատի ունենան, որ սահմանափակումները հայկական կողմից չեն, և խոչընդոտներ ու խնդիրներ կան ընդունող երկրի կողմից:
1lurer.am-ի հետ զրույցում ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը նշեց, որ ԶՊԳ տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 87,6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,8%-ով: Առաջին կիսամյակի ընթացքում զբաղվածության տարածքային կենտրոնների աջակցությամբ աշխատանքի է տեղավորվել 4935 աշխատանք փնտրող, որից մոտ 3100-ն աշխատանք է գտել մարտ-հունիսի ընթացքում: Այս տարվա առաջին կիսամյակում հաշվառվել է առաջին անգամ աշխատանք փնտրող 2690 անձ, որից 1575-ը հաշվառվել է մարտ-հունիսի ընթացքում:
Արտագնա աշխատանքի մեկնողների զբաղվածությունը՝ հենց հայրենիքում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այն քաղաքացիներին, որոնք զրկվել էին արտագնա աշխատանքի միջոցով գումար վաստակելուց, մարզերի համար առանձին մշակված ծրագրերով հայտարարեց տեղական մրցույթներ:
«Հիմնականում դրանք շինարարական մրցույթներ էին, և այդ դիմումները կարագավորվում էին շինարարական ընկերությունների միջոցով: Այսինքն՝ աշխատանքային միգրանտները դիմում էին շինարարական ընկերությանը, որն էլ մասնակցում է մրցույթին»,- ասաց Նելլի Դավթյանը:
Նա ընդգծեց, որ նախարարությունը վերջնական արդյունքները կամփոփի ավելի ուշ:
Զբաղվածության պետական գործակալության տվյալներով՝ շինարարության ոլորտում աշխատելու փորձ ունեցող աշխատանքային շուրջ 900 միգրանտ զբաղվածության տարածքային կենտրոնների աջակցությամբ լրացրել է մարզպետարանների կայքում տեղադրված հարցաթերթիկը՝ հաստատելով մարզում կազմակերպվող շինարարական աշխատանքներին մասնակցելու ցանկությունը: Նրանք համավարակի պատճառով չեն կարողացել մեկնել արտերկիր: