Կառավարության նիստում ընդունվեց արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշումը: Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու այդ հարցը:
Վարչապետն անդրադարձավ վերջին շրջանում հավաքների ազատության հետ կապված խնդրին և նշեց, որ գործնականում այս որոշմամբ հավաքների ազատության հետ կապված սահմանափակումները հանվում են, սակայն պարտադիր է հակահամաճարակային կանոնների պահպանումը:
«ՀՀ-ում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ՝ պայմանով, որ մասնակիցները կլինեն դիմակով և 1.5 մ սոցիալական հեռավորությունը պահպանելով: Սա, կարծում եմ, կարևոր արձանագրում է, և սահմանափակումն էլ է բխել հակահամաճարակային իրավիճակից, սահմանափակման հանումն էլ է կապված դրա հետ: Եթե հանկարծ, Աստված չանի, այս թուլացումների արդյուքնում մենք նորից թվերի բարձրացում ունենանք, ստիպված կլինենք նորից մտցնել սահմանափակումներ: Մենք ելնում ենք հակահամաճարակային կարգավիճակի վերլուծությունից: Հիմա անկում է գնում, և այդ անկման պայմաններում հնարավոր է դարձել այս սահմանափակումների թուլացումը կամ որոշ հատվածներում գործնականում վերացումը»,- ընդգծեց վարչապետը: