Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը կրկնապատկվել է ընդամենը մեկ ամսվա ընթացքում և գերազանցել է 20 միլիոնը: Ամենից շատ վարակված են ԱՄՆ-ում և Բրազիլիայում:
COVID-19-ի նոր դեպքերի թվին զուգընթաց Ֆրանսիայում մեծանում է նոր կարանտինի վտանգը, կառավարությունը մինչև հոկտեմբերի վերջը երկարաձգել է ավելի քան 5000 մասնակիցներով միջոցառումների արգելքը և կոչ է արել տեղական իշխանություններին՝ առավել խիստ հետևել դիմակ կրելու ռեժիմին:
Հունաստանում վարակի տարածման կտրուկ աճի պատճառով Բելգիայից, Չեխիայից, Նիդեռլանդներից, Իսպանիայից և Շվեդիայից այցելուները պետք է թեստավորվեն:
Անսպասելի վիճակ է Նոր Զելանդիայում: 102 օրվա ընդմիջումից հետո այստեղ կրկին գրանցվել է COVID-19-ի բռնկում: Չորս նոր դեպք է հայտնաբերվել երկրի խոշորագույն Օքլենդ քաղաքում:
Իշխանությունների հրամանով դադարեցվում է ձեռնարկությունների և հաստատությունների մեծ մասի աշխատանքը, փակվում են բարերն ու ռեստորանները, Օքլենդի բնակիչներին խնդրում են մնալ տանը: