Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտելու կապակցությամբ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: Շաբաթ օրը Սևանի ափամերձ հատվածներում ապօրինի կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստող «Ազատության» աշխատանքը խոչընդոտել է Վլադիմիր Գասպարյանը, կվադրոցիկլը վարել լրագրողների ուղղությամբ` սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց` հայհոյանքներով պահանջելով ցույց չտալ իր առանձնատունը:
Նախկինում «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լևոն Սարգսյանը կալանավորվել է: Նա 2018-ից հետախուզվում էր խոշոր գույքի հափշտակման նպատակով կազմակերպված խմբի կազմում մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքի նկատմամբ կատարված ավազակությանը մասնակցելու և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու մեղադրանքներով: 2019-ի նոյեմբերին հայտնաբերվել էր Զելենոգրադում, օրերս Ռուսաստանը հանձնել էր Հայաստանի իրավապահներին: Նախաքննությունը շարունակում է,- նշում է Ազգային անվտանգության ծառայությունը:
Ազգային անվտանգության ծառայությունը Գեղարքունիքում և Կոտայքում բացահայտել է Սևանի ձկնային պաշարների ապօրինի արդյունահանման, պահեստավորման և այդ ձկնատեսակի անվան տակ մաքսանենգությամբ ապօրինի արտահանման բազմաթիվ դեպքեր: Պարզվել է, որ 2019-2020թթ. առանց թույլտվության ապօրինի արդյունահանվել է Սևանի սիգ` կենդանական աշխարհին պատճառելով խոշոր չափի վնաս: Հարուցած քրեական գործով հայտնաբերվել է պահեստավորված 127 տոննա Սևանի սիգ, կա երեք մեղադրյալ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մոտ 25 միլիոն դրամի տուգանք է կիրառել «Ալեքս Հոլդինգի» նկատմամբ` շաքարավազի շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար: Շաքարավազի իրացման գործընթացն «Ալեքս-Գրիգ» ընկերությունն իրականացրել է այնպես, որ խոշոր գնորդների համար տնտեսապես նպատակահարմար չլինի շաքարավազի ներմուծումն ինքնուրույն: