Քիչ անց Լիբանան կուղևորվի հումանիտար աջակցությամբ բեռնված հայկական երրորդ ինքնաթիռը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին են տրամադրելու ավելի քան 36 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք ու դեղորայք: Առաջին երկու թռիչքների միջոցով հայրենիք են տեղափոխվել մեր 56 հայրենակիցներ, իսկ այսօր գիշերը Լիբանանից վերադարձող ինքնաթիռով ևս 45 հոգի կժամանի Երևան:
Հայաստան են տեղափոխվել մեր այն հայրենակիցները, որոնք Բեյրութում պայթյունի արդյունքում անօթևան ու առանց ապրուստի միջոցների են մնացել, ՀՀ քաղաքացի են կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ, Հայաստանում կեցավայր ունեն: Հայ ժողովուրդը եղբայրական Լիբանանի կողքին է և մեր օժանդակությունը շարունակական է լինելու»,- գրել է նա: