Ստամբուլի «Բիլգի» համալսարանը ուսման վարձի հատուկ զեղչեր կսահմանի այն դիմորդների համար, որոնք ավարտել են քաղաքի հայկական վարժարանները, հայտնում է Ermenihaber-ը: Այս մասին հայտնի է դարձել համալսարանի տարածած հայտարարությունից։
«Ստամբուլի «Բիլգի» համալսարանը սկսել է ընդունելությունը, որի ժամանակացույցը փոխվել է՝ կապված համավարակային իրավիճակի հետ։ Այս իրավիճակով պայմանավորված՝ դիմորդները կարող են դիմել ինչպես առցանց, այնպես էլ համալսարան այցելելով։
Հայկական վարժարաններն ավարտած և առաջին 3 հայտից որևէ մեկով «Բիլգի» համալսարան ընդունվող դիմորդներների համար, բացի «Չափման, ընտրության և տեղավորման կենտրոնի» (ÖSYM) տրամադրած զեղչից, ևս 25 տոկոսանոց զեղչ կարվի։ 4-րդ և 5-րդ հայտով «Բիլգի» ընդունված դիմորդները կստանան լրացուցիչ 20 տոկոսանոց զեղչ»,- ասված է համալսարանի տարածած հայտարարության մեջ։
Նշված է նաև, որ ընդունելության օրերը շարունակվելու են մինչև օգոստոսի 14-ը։
Զեղչերից կարողանալու են օգտվել Ստամբուլի հայկական Եսայան, Սահակյան Նունյան, Կեդրոնական, Փանգալթիի և «Սուրբ Խաչ» վարժարանների շրջանավարտ դիմորդները։