Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանը, գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում անդրադարձել է իր և սիրելիի հարաբերություններին:
«Բաց նամակ ընկերներիս.
Հիշում եմ, երբ ես և Լևոնը նոր ընկերացանք, Լևոնը անտանելի սթրեսային վիճակում էր: Կյանքը Լևոնի առջև դրել էր առաջին անգամ խնդիր, որին, ցավոք սրտի, չկար լուծում: Լևոնը, որ իր կյանքում լուծել է տասնյակ հազարավոր մտքի խնդիրներ, այժմ մոլորված էր ու չուներ ոչ մի քայլ: Լևոնի ընկերները հաճախ ինձ պատմում են, որ Արիի հիվանդանոցում գտնվելու ընթացքում Լևոնը, կարանտինի սահմանափակ պայմաններում, մի քանի ժամում արտերկրից դեղեր է գտել ու հասցնել տվել Հայաստան՝ կնոջը փրկելու հույսով: Ինչո՞ւ. որովհետև դա Լևոնն է, որը պայքարում է մինչև վերջ այն ամենի համար, ինչ սիրում է:
Ես ամբողջ կյանքում ատել եմ անարդարությունը ու կռիվ եմ տվել անարդարության դեմ: Դպրոցում, երբ մեր դասարանում սովորող մի աղջկա բոլորը ծաղրում էին ու նեղացնում, ես նրա կողմն էի անցնում ու դառնում մեծամասնության աչքի փուշը: Այժմ նույնպես չեմ վախենում փուշ լինել այն մարդկանց աչքերում, ովքեր անարդար են վերաբերվում Լևոնին:
Ես իմ կյանքում չեմ հանդիպել Լևոնի նման անկեղծ, բարի ու նվիրված մարդու, որովհետև իր նմաններն աշխարհում շատ քիչ են: Ես ու Լևոնը սկզբնական շրջանում լավագույն ընկերներ էինք, ու ես գիտեմ իր կյանքի ամենախոր կետերը: Մենք միասին էինք այցելում ու ծաղիկներ դնում Արիի գերեզմանին: Իսկ այդ պահերին Լևոնի կողքին հաշված մարդիկ էին:
Ուզում եմ դիմել մարդկանց, ովքեր այս ընթացքում մեր կողքին են եղել և շարունակում են մեզ աջակցել, նրանց, ովքեր ինձ և Լևոնին մարդասպան անվանեցին, ովքեր ինձ սիրուհու դերը տվեցին, նրանց, ովքեր ի սրտե սիրեցին մեզ ու մեկնաբանություններում կռիվ տվեցին մեզ համար, ես սիրում եմ ձեզ; Իմ սիրելի փիլիսոփաներից մեկը՝ Իմանուիլ Կանտը ասել է. «Անգամ չար կամքը դարձնում է մարդուն զուրկ մարդասիրությունից ու բարոյական նորմերից»: Ես էլ համաձայնում եմ Կանտի հետ ու կարծում, որ վատը կամենալը արդեն իսկ մեղք է:
Ես ձեզ միայն լավն եմ կամենում ու մաղթում, որ մի օր դուք էլ հանդիպեք Լևոնի նման նվիրված, բարի ու մաքուր հոգով էակի, որն այնքան սեր ունի իր ներսում, որ կարող է սիրել ողջ աշխարհը: Ես միայն պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա բոլոր մութ օրերից հետո կյանք ու սեր նվիրել Լևոնին:
Ես վշտում էի Արիանայի մահը Լևոնի հետ և անգամ օրագրումս բանաստեղծություններ ու երգեր էի գրում, որպեսզի ինչ-որ կերպով արտահայտեի ցավս: Նամակիս վերջում ուզում եմ կիսվել ձեզ հետ բանաստեղծություններով, որոնք նվիրել եմ Արիանայի հիշատակին:
Արիանայի հիշատակին
Գնա, սիրելիս, ես հասկացել էի՝
Սա քո տեղը չէ ու չի էլ եղել,
Գնա, բայց թող վերջին անգամ
Զգամ հրեշտակային ու անմահ հոգիդ:
Թույլ տուր վերհիշեմ ներկայությունդ
Ու արտաշնչեմ ու շնչեմ բույրդ:
Դադար, դու չկաս, բայց ես դեռ զգում եմ
Ես քեզ դիպչում եմ, սակայն դու չկաս:
Շախ և մատ. այո դու միշտ էլ հաղթել ես,
Քո ոչ երկրային կատարելությամբ,
Եվ, ավաղ, ես ինքս ինձ անիծել էի
Քո հրեշտակային ներկայությամբ:
Ես գիտեմ դու կաս, գնա, սիրելիս,
Վեր բարձրացիր ու հավերժացիր,
Ես վախենում էի սա խոստովանել,
Բայց ես անզոր եմ քեզ այստեղ պահել,
Աշխարհը երբեք էլ քո տեղը չի եղել»,- գրել է Արոնյանի սիրելին:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Լևոն Արոնյանը Ֆեյսբուքի իր էջում մեկնաբանել է համացանցում պտտվող այն լուրերը, ըստ որոնց՝ ինքն ընկերուհի ունի: Շախմատիստը որոշել է անկեղծանալ և խոստացել է անկեղծ լինել ամբողջ կյանքի ընթացքում: