Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց Մարտի 1-ի գործով այսօրվա նիստը, քանի որ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չէր ներկայացել նիստին։
Այսօրվա նիստին ներկա էր նաև Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը:
Պողոսյանը դատարանին գրավոր դիմում էր ներկայացրել, որ հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով չի կարող ներկա լինել այսօրվա դատական նիստին։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը խնդրեց անհարկի ճանաչել պաշտպանի բացակայությունը։ Նրա գնահատմամբ՝ դա ընդամենը պատրվակ է նիստերը ձգձգելու համար։
Բացի դրանից՝ փաստաբան Վարդգես Գևորգյանը դադարեցրել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանի լիազորությունները, իսկ մյուս պաշտպանը՝ Էրիկ Ալեքսանյանը օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ լինելու է ամենամյա արձակուրդում։
Հաշվի առնելով Միհրան Պողոսյանի բացակայությունը և Էրիկ Ալեքսանյանի արձակուրդ մեկնելու հանգամանքը` նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 8-ը, ժամը 13։00։