ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև համավարակի հետ կապված տնտեսական դժվարություններին։
Արմեն Սարգսյանը նշել է, որ աշխարհում ևս նույն վիճակն է, բայց դա, իհարկե, չի թեթևացնում մեր երկրի, կառավարության ուսերին դրված բեռը։
«Ընդհակառակը, բոլորի վատ լինելն անուղղակի ազդում է Հայաստանի տնտեսության վրա, խիստ ազդելու է որոշակի ոլորտների, մասնավորապես՝ հյուրանոցային ծառայությունների, տուրիզմի, աշխատատեղերի, սոցիալական խնդիրների վրա։ Այնպես որ, իսկապես, դժվարին պահ է, և մեծ խնդիրներ են դրված»,- նշել է նա:
Վարչապետը, իր հերթին, շեշտել է, որ կորոնավիրուսը մեծ խնդիր է մեր երկրի համար:
«Երբ հետահայաց նայենք ինչ տեղի ունեցավ, ապրիլի վերջին արձանագրեցինք, որ չնայած խիստ սահմանափակումներին՝ կարողանում ենք երևացող հատվածներում այդ սահմանափակումներն առերևույթ պահել, բայց հակահամաճարակային պրոցեսները տեղի են ունենում ետնաբեմում՝ բակերում, շքամուտքերում:
Մենք արձանագրեցինք երկու բան, որ սահմանափակումները չեն բերում մեզ համար ցանկալի արդյունքի և երկրորդը՝ ապրիլին մենք 70.000 աշխատատեղ կորցրեցինք»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը հիմնական խնդիրը ձևակերպել է հետևյալ կերպ. առողջապահական կարողությունները պետք է զարգանան այնքան, որ ոչ մի քաղաքացի չմնա առանց պատշաճ բուժօգնության:
«Կարող եմ արձանագրել, որ այդ խնդիրը լուծեցինք և ծավալվեցին շատ լուրջ հզորություններ, պետական բյուջեից մեծ ծախսեր արեցինք, որպեսզի տեխնիկա ձեռք բերենք, ծավալենք և այլն: Արդյունքում՝ մենք ունեցանք հետևյալը, որ հունիսի տվյալներով 50.000 աշխատատեղ վերականգնվեց, իսկ հուլիսի տվյալներով՝ մենք ունեինք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մի փոքր նույնիսկ ավելի թվով աշխատատեղեր: Ինձ համար ակնհայտ էր, եթե մենք միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվեինք՝ սոցիալական կոլափսի առաջ էինք կանգնելու»,- նշել է վարչապետը:
Փաշինյանի խոսքով` այսօր շանս ունենք ի վերջո աշնանը գլոբալ առումով ամենալավ վիճակն ունենալ, որովհետև հիմա տեսնում ենք, որ աշխարհում կան երկրներ, որոնք պաշտոնապես հայտարարել էին, թե հաղթահարել են կորոնավիրուսը, բայց ստիպված են վերադառնալ ամենախիստ սահմանափակումների տրամաբանությանը:
«Այո՛, Դուք ճիշտ նկատեցիք, մենք, ըստ էության, նաև տնտեսության մեջ խնդիրներ ունենք և հիմա փորձում ենք ոլորտային լուծումներ գտնել: Եվ հիմնական խնդիրը հետևյալն է՝ պահպանել և ավելացնել աշխատատեղերը: Իհարկե, սա նախնական նպատակն է, բայց սա նշանակում է խթանել արտահանումը, խթանել արտադրությունը, խթանել սպառումը:
Իմիջայլոց, տեղյակ եք, անշուշտ, որ մենք 20-ից ավելի հակաճգնաժամային միջոցառումներ իրականացրեցինք, և որոնց շրջանակում և՛ բանկային համակարգի, և՛ պետական բյուջեի միջոցով արդեն 100 մլրդ դրամից ավելի ներդրել ենք տարբեր՝ սոցիալական, տնտեսական ուղղություններով: Այս պրոցեսը հիմա շարունակում ենք ըստ ոլորտների՝ փորձելով այնպես անել, որ առաջին խնդիրը՝ աշխատատեղերը պահպանվեն, և ոլորտներն իրենց մրցունակությունը պահպանեն տնտեսական ճգնաժամի հաղթահարումից հետո արագ վերականգնվելու համար»,- նշել է վարչապետը: