Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութն ու ամբողջ աշխարհը ցնցեց մի պայթյուն, որի հիմնական պատճառը կապվում է նավահանգստի տարածքում կուտակված 2750 տոննա ամոնիումի նիտրատի հետ: Զոհվեց 154 մարդ, և վիրավորվեց ավելի քան 5000-ը, անօթևան մնաց մոտ 300.000 հազար մարդ: Ազգությամբ հայ զոհվածների թիվը, վերջին տվյալներով, 13 է: Պատճառված վնասը գնահատվում է մոտ 15 մլրդ դոլար։
Բեյրությում տեղի ունեցածին արձագանքեց ու օգնության ձեռք մեկնել ցանկացավ ամբողջ աշխարհը: Նկատելի ակտիվություն ցուցաբերեց նաև Թուրքիան: Ոչ միայն ցավակցական ու աջակցության ուղերձներ հղվեցին Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության, արտգործնախարարույթան, խորհրդարանի անունից, այլև լիբանանցի գործընկերների հետ հեռախոսազրույցներ ունեցան Թուրքիայի նախագահ էրդողանը, Չավուշօղլուն, առողջապահության նախարար Քոջան, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։
Օգոստոսի 5-ին Բեյրութ ուղևորվեց 20 բժշկից բաղկացած՝ թուրքական «Կարմիր մահիկի» խումբը՝ տանելով առաջին բուժօգնության պարագաներ։ Նույն օրը Բեյրութում իրենց գործունեությունը սկսեցին թուրքական Մարդասիրական օգնության հիմնադրամի խմբերը։
Օգոստոսի 8-ին Չավուշօղլուի ուղեկցությամբ Լիբանան ժամանած Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարեց, որ Թուրքիան շարունակելու է օգնել Լիբանանին նաև Բեյրութի նավահանգստի վերականգնման հարցում: նրա խոսքով՝ Թուրքիան անգամ պատրաստ է Լիբանանի կարիքների համար տրամադրել Մերսինի ու Իսքենդերունի նավահանգիստները:
Ինչո՞ւ էր Թուրքիան այսքան ակտիվ, և ո՞րն էր դրա պատճառը՝ 1Lurer.am-ը փորձեց հասկանալ թուրքագետ, ՄԱՀՀԻ Ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանի հետ:
«Միայն ինտենսիվության, արագության, բազմամակարդակ հայտարարությունների տեսքով Թուրքիայի ակտիվությունը կարելի է համեմատել տավուշյան թեժացման ժամանակ նրանց արձագանքի հետ: Թուրքիան շատ մեծ ակտիվությամբ արձագանքել է այս ամենին, տարբեր առաջարկներ է ներկայացրել, ընդհուպ՝ առաջարկելով օգտվել Մերսինի ու Իսքենդերունի նավահանգիստներից՝ մինչև Բեյրութի նավահանգստի վերականգնումը: Բժիշկների ու փրկարարների խումբ է ուղարկել, բուժսարքեր, առաջին օգնության պարագաներ է ուղարկել, անգամ դաշտային հոսպիտալ է նախատեսում հիմնել Լիբանանում և այլն»,- նշեց թուրքագետը:
Գաբրիելյանը մի քանի պատճառ է առանձնացրել, որոնք կարող էին նպաստել Թուրքիայի այդօրինակ ակտիվությանը Լիբանանում տեղի ունեցած իրադարձության հանդեպ:
«Նախ՝ Էրդողանը, որը վերջին տարիներին ջանքեր է գործադրում ընկալվելու որպես իսլամական աշխարհի առաջնորդ, ինքնահռչակ դարձել է համայն աշխարհի մուսուլմանների «իրավունքների պաշտպանը», այդ տեսակետից պետք է արձագանքեր տեղի ունեցածին և անտարբեր չէր կարող անցնել Լիբանանի մուսուլմանների կողքով:
Բացի դրանից՝ վերջին տարիներին Թուրքիայի փափուկ ուժի քաղաքականության գործիքներից է դարձել հումանիտար օգնության առաքումը տարբեր երկրներ, Թուրքիան աշխարհում առաջատար դիրքերում է, առաջատար եռյակում է, 2017-ին ցուցաբերած հումանիտար օգնության ծավալով անգամ առաջին տեղն է զբաղեցրել աշխարհում: Այս հումանիտար օգնությունը համեմատաբար ավելի աղքատ երկրներին միտված է Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը, Թուրքիայի հանդեպ տվյալ երկրների բարենպաստ վերաբերմունքի ձևավորմանը, այդ երկրներում թուրքական ռազմակայաններ բացելուն և այլն:
Երրորդ կարևոր գործոնը Ֆրանսիայի ակտիվությունն էր: Թուրքիան տեսավ Ֆրանսիայի ակտիվությունը տարածաշրջանում, Լիբանանում, որի մանդատը Ֆրանսիան ուներ 100 տարի առաջ: Եվ պանօսմանիզմի քաղաքականություն վարող Թուրքիայի համար, իհարկե, սա խիստ անցանկալի է: Լինելով տարածաշրջանային գերտերություն՝ տարածաշրջանում է հայտնվում արտատարածաշրջանային տերություն՝ Ֆրանսիայի տեսքով, որը փորձում էր ավելի ակտիվ լինել Լիբանանում, քան տարածաշրջանային գերտերություն Թուրքիան է, քանի որ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը միշտ համարում են, որ տարածաշրջանի հարցերը միշտ պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների կողմից: Նաև Ֆրանսիայից շատ հետ չմնալու համար է Թուրքիան նման ակտիվություն ցուցաբերում:
Չորրորդ գործոնն այն է, որ վերջին տարիներին Լիբանանը շատ-շատ է կարևորվել Թուրքիայի համար: Միջերկրական ծովի արևելյան հատվածում էներգակիրների շուրջ պայքարը սրվել է: Դրանով սրվել է նաև տվյալ երկրների միջև ծովային սահմանների հստակեցման հարցը: Լիբանանը շատ կարևոր է իր աշխարհագրական դիրքով. Իսրայելի չորս հարևան երկրներից մեկն է: Ժամանակին շիա երկրների գազատարը Իրանից Իրաքով, Սիրիայով պետք է գար, հասներ Լիբանան դեպի Միջերկրական ծով, իսկ Թուրքիան դա չի ցանկանում: Ցանկանում է, որ Իրանն իր գազը Թուրքիայի տարածքով ուղարկի Եվրոպա: Լիբանանը շատ կարևոր երկիր է նաև Սիրիայի հարցի համատեքստում:
Հինգերորդ գործոնը հայկականն է: Թուրքիային կարող է մտահոգել Լիբանանում հայկական համայնքի ակտիվությունը: Լիբանանում Իրանը շատ ուժեղ դիրքեր ունի, բայց նաև հայերի դեմ իր գործողություններն իրականացնելու համար է Թուրքիան ցանկանում ուժեղացնել ազդեցությունը տեղի թուրքմենների կամ սուննիների վրա: Խնդիրն առաջին հերթին ես տեսնում եմ Անթիլիասում գործող Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործունեության մեջ, որն արդեն 5 տարի է՝ դատական վեճերի մեջ է թուրքական իշխանությունների հետ և պահանջում է վերադարձնել Սսի կաթողիկոսարանը, որը գտնվում է Ադանայից ոչ հեռու: Թուրքիայի իշխանության համար սա ոտնձգություն է համարվում, Անկարան մեծապես մտահոգություն ունի այն բանից, որ կաթողիկոսությունը խնդիրը տեղափոխել է իրավական հարթություն, և դա կարող է նախադեպ դառնալ հետագայում նման դատական այլ հայցեր ներկայացնելու համար: Իսկ Կիլիկիո կաթողիկոսությունն ընդգծել է, որ դա պետք է դառնա նախադեպ, որ դա միայն իրենց դատը չէ, սա ամբողջ հայության, Արցախի, Հայաստանի դատն է: Այս առումով՝ Թուրքիայում մեծ վտանգ են զգում Կիլիկիո կաթողիկոսության այս գործունեությունից, որը պատրաստվում է Թուրքիայում բոլոր դատական ատյանները սպառելու դեպքում դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- նշեց Գաբրիելյանը:
Ըստ թուրքագետի՝ ուժեղացնելով ազդեցությունը Լիբանանում՝ Թուրքիան կարող է ճնշումներ գործադրել հայերի վրա, կաթողիկոսության վրա, որպեսզի ստիպի հետ վերցնել դատական հայցը և հեռանկարում տեղի թուրքմենների ու սուննիների միջոցով գուցե բարձրացնի Լիբանանի տարածքում Կիլիկիո կաթողիկոսության գործունեության նպատակահարմարության հարցը:
«Այսինքն՝ Թուրքիան կփորձի հասնել նրան, որ կաթողիկոսությունը վերացվի Լիբանանի տարածքից՝ նշելով, որ 1930 թ. ֆրանսիական մանդատի ժամանակ է կաթողիկոսությունը հաստատվել Լիբանանում, այլ կերպ ասած՝ ֆրանսիական կողմն է նման թույլտվություն տվել, և, ենթադրենք, Լիբանանի նոր իշխանությունները պարտավոր չեն հարգել այդ որոշումը, և Թուրքիան կարող է հասնել դրան: Ընդհանրապես, վերջին տարիներին Թուրքիան սկսել է մեծապես թիրախավորել մեր կրոնական համայնքներն ու նվիրապետական աթոռներն արտերկրում: Վերջերս անգամ լուրեր եղան, որ Թուրքիան փորձում է զավթել կամ գնել Երուսաղեմի հայկական թաղամասի տները»,- նշեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը: