1Lurer.am-ը թուրքագետ, ՄԱՀՀԻ Ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանի հետ ամփոփել է հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Ադրբեջանում անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքամարտավարական զորավարժությունները:
Ցամաքային զորավարժություններ անցկացվել են Բաքվում և Նախիջևանում՝ օգոստոսի 1-5-ը, իսկ ռազմաօդային վարժանքները՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվի, Նախիջևանի, Քյուրդամիրի, Գյանջայի և Եվլախի օդանավակայաններում։ Այս անգամ չհայտարարվեցին զորավարժությունների մասնակից զինծառայողների թիվը, միավոր տեխնիկան՝ ի տարբերություն նախորդ տարվա:
«Բացարձակապես արտասովոր բան չկա, որ դաշնակից երկու երկրները միմյանց հետ անցկացնում են համատեղ զորավարժություններ: Թուրքիան և Ադրբեջանը 2010 թ. ստորագրել են ռազմական համագործակցության և փոխօգնության պայմանագիր, և դրանից հետո գրեթե ամեն տարի, երբեմն՝ տարեկան երկու անգամ, զորավարժություններ են անցկացնում: Ընդ որում՝ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի տարածքում: Նախկինում էլ զորավարժություններ են անցկացվել Նախիջևանում: Նաև առաջին անգամը չէ, որ համատեղ զորավարժություններում մշակում են Հայաստանի վրա հարձակման սցենարներ: Այնպես որ, կարելի է ասել, որ այս զորավարժություններն աննախադեպ չէին ոչ մի առումով»,- նշեց թուրքագետը՝ կարծիք հայտնելով, որ, ամենայն հավանականությամբ, զորավարժությունների մասնակից զինծառայողների թիվը, միավոր տեխնիկան չի հայտարարվել, որովհետև դրանց անցկացման որոշումն ընդունվել է հապճեպ:
Ինչո՞ւ զորավարժություններ անցկացվեցին այս շրջանում. Գաբրիելյանը կարծում է, որ այս հարցում իր դերն է ունեցել Տավուշյան թեժացումը, քանի որ դրա արդյունքները սասանել են ոչ միայն Իլհամ Ալիևի ու ադրբեջանական բանակի իմիջը, այլև հենց Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հեղինակությունը:
«Ստացվում է, որ Էրդողանը, իր հզոր Թուրքիայով, ինչպես ինքն է ասում՝ վերջին 300 տարվա ամենահզոր Թուրքիայով, չկարողացավ կանխել Ադրբեջանի դիրքային կամ տարածքային կորուստները: Մինչդեռ դա Էրդողանի ու իր իմիջի համար շատ կարևոր հարց է: Օրինակ՝ նախորդ տարվա հունվարին որոշակիորեն ծաղրում էր 1990-ականների սկզբի Թուրքիայի ղեկավարությանը՝ «Հին Թուրքիայի» ղեկավարությանը, նշում էր, որ նրանք թույլ են եղել և «չեն կարողացել կանխել Ղարաբաղի օկուպացիան»: Նա հեգնում էր «Հին Թուրքիային», բայց փաստորեն ինքը նույնպես իր «Նոր Թուրքիայով» չկարողացավ կանխել Ադրբեջանի տարածքային կորուստները: Զորավարժությունների անցկացմամբ, ըստ իս, Էրդողանն ու Ալիևը փորձում են փրկել առաջին հերթին իրենց դեմքը»,- նշեց Գաբրիելյանը:
Թուրքագետը հավանական է համարում, որ զորավարժությունների անցկացման որոշումը կարող էր ձեռք բերված լինել տավուշյան թեժացման օրերին, քանի որ այդ օրերին ադրբեջանական ռազմական պատվիրակությունն այցելեց Անկարա: Այդ պատվիրակության կազմում էր նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարը:
Ըստ թուրքագետի՝ զորավարժությունների նպատակներից էր նաև ցույց տալը, որ Թուրքիան ու Ադրբեջանը ուժեղ են, միասնական են, համատեղ զորավարժություններ են անցկացնում, նաև նպատակ կար ահաբեկել Հայաստանը:
«2010 թ. ստորագրած ռազմական համագործակցության և փոխօգնության պայմանագրի 2-րդ հոդվածով Թուրքիան պարտավոր է իր բոլոր հնարավորություններով օգնության հասնել Ադրբեջանին, եթե նա ենթարկվել է զինված հարձակման կամ ագրեսիայի: Եվ, փաստորեն, տավուշյան թեժացման օրերին Թուրքիան Հայաստանին մեղադրում էր Ադրբեջանի նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար: Ստացվում է, որ Թուրքիան ուներ իրավական հենք Հայաստանին պատերազմ հայտարարելու, բայց Թուրքիան պրագմատիկ երկիր է, հասկանում էր, որ ներքաշվելու է Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակից երկրներ են: Թուրքիան նաև ՆԱՏՕ-ի անդամ է, Հայաստանը՝ ՀԱՊԿ-ի: Այս զորավարժությունները միտված էին նաև Ադրբեջանին հանգստացնելու, քանի որ ստացվում է, որ Թուրքիան կատարեց երկրորդ հոդվածով իր պարտավորությունները: Այսինքն՝ Ադրբեջանին Թուրքիան «պարտք էր մնացել» իր պարտականությունները չկատարելով և փորձեց գոնե այդպիսով մասամբ հատուցել այդ»,- նշեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը: