2020 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 01:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռիգայի փողոցից դեպի Արաբկիր 19-րդ փողոցի հատվածում մի քանի ավտոմեքենայով մարդիկ են հավաքված, և լսվում են կրակոցներ:
Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը կատարել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում առգրավվել են տարբեր տրամաչափի կրակված պարկուճներ, հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնցից վերցվել են փորձանմուշներ:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, դեպքի վայրի հարակից շինություններից առգրավվել են տեսանկարահանող սարքեր:
Իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպի մասնակիցներից երկուսի ինքնությունը, որոնք Երևանի բնակիչներ են՝ 34 և 24 տարեկան: Նրանք ձերբակալվել են՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով: 34-ամյա տղամարդուց վերցվել են կրակոցի արգասիքի նմուշներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Միջոցներ են ձեռնարկվում հանցագործության գործիք հանդիսացող հրազենները, հաղորդման մեջ մատնանշված ավտոմեքենաները հայտնաբերելու, դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպի մասնակիցների ողջ շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու, յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: