Արցախի խորհրդարանը նախագահի նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել՝ քննարկելու պետական բյուջեում առաջարկվող փոփոխությունները: Ծախսերի ավելացումների պատճառն Արայիկ Հարությունյանի ծրագիրն է:
Վահրամ Բաղդասարյան, Արցախի ֆինանսների նախարար - ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 14 միլիարդ 810 միլիոն դրամով, իսկ պետական բյուջեի եկամուտները՝ 5 միլիարդ 100 միլիոն դրամով՝ պայմանավորված ՀՀ -ից ստացվող բյուջետային վարկի գումարի նույնչափ ավելացմամբ:
9 միլիարդ 601 միլիոն դրամ դեֆիցիտի ֆինանսավորումը կիրականացվի փոխառու միջոցների հաշվին: Ծախսերի ավելացնումներ են առաջարկվում կապիտալ շինարարության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, շրջանների կարողությունների զարգացման ու գյուղական բնակֆոնդի բարելավման ոլորտներում: Արցախի նախագահի խոսքով՝ 1,5 տարում կիրագործվի ՝ Թարթառի ջրերի տեղափոխման ծրագիրը:
Արայիկ Հարությունյան, Արցախի նախագահ - Թույլ է տալու նաև ընդհանուր առմամբ լուծել բավականին հետաքրքիր խնդիր՝ մեր Խաչենի ջրամբարի հետ կապված, որի, գիտեք, տատանումներն այնքան շատ են լինում: Այսօր, օրինակ դատարկ է այդ ջրամբարը, իսկ այս խողովակածարի կառուցմամբ ջրամբարը լինելու է լցված:
Քննարկելով պետական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ Արցախի խորհրդարանը 25 կողմ 6 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը:
Գագիկ Բաղունց, Արցախի ԱԺ փոխնախագահ - Կառավարությունն ըմբռնումով է մոտեցել մեր առաջարկություններին, հուսով ենք, որ ինչպես ոչ հեռու ապագայում՝ 2021 թվականի պետական բյուջեի օրենքի քննարկումների ժամանակ, այնպես էլ հետագա տարիներին մեզ կհաջողվի պահպանել ներդաշնակ համագործակցության մթնոլորտ՝ հանուն մեր երկրի կայուն զարգացման և անվանգ ապագայի:
Դավիթ Մելքումյան, Արցախի ԱԺ պատգամավոր - Արցախի ժողովրդավարական կուսակցություն խմբակցությունը 7-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների մեկնարկին հայտարարել է, որ առաջնորդվելու է բացառապես հանրային շահով և աջակցելու է կառավարության կողմից ներկայացված այն ծրագրերին, որոնք սպասարկում են հանրային շահը: Եվ հակառակը՝ մերժելու է այդ տրամաբանությունից դուրս ցանկացած առաջարկ:
Ուղիղ 6 ժամ հետո, 26 կողմ 6 դեմ ձայների հարաբերակցությամբ, Արցախի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է պետբյուջեում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: